News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թբիլիսիի հայերի միությունը եւ մտավորականության ներկայացուցիչները բաց նամակով դիմել են Հայաստանի վարչապետ նիկոլ Փաշինյանին՝ խնդրելով մասնակցել մեծ բարերար եւ բարեգործ Ալեքսանդր Մանթաշեւի հուշարձան-տան փրկությանը։ Նամակում մասնավորապես ասվում է․

 

«Մեծահարգո պարոն Նիկոլ,

Դիմում ենք ձեզ, հաստատակամորեն խնդրելով, կանխել հայկական պատմության հերթական հուշարձանի՝ Ալեքսանդր Մանթաշեւի տան կործանումը։ Տունը գտնվում է Վրաստանի մայրաքաղաքի ամենակենտրոնում, խորհրդային տարիներին այնտեղ տեղակայված էր Վրաստանի արվեստի աշխատողների կենտրոնը, այնուհետեւ այն դարձավ մասնավոր սեփականություն։ Ներկայում երկհարկանի դատարկ առանձնատունը վաճառքի է հանված եւ այդ պատճառով կարող է վերջնականապես կործանվել։

Տանն ամբողջությամբ պահպանված են բոլոր տարրերը այն ժամանակվա կահավորանքի, երբ այնտեղ ապրում էր Մանթաշեւների ընտանիքը։ Տունն ինքը եւ հարակից ենթակառուցվածքները շատ հարմար են, որ այնտեղ տեղակայվի Վրաստանում ՀՀ դեսպանությունը կամ հայ-վրացական մշակութատնտեսական կապերի կենտրոնը։ Այնտեղ կոսմետիկ վերանորոգումից հետո Հայաստանի Հանրապետության դեսպանության տեղակայումը հատկապես արդիական է, քանի որ մեզ՝ թբիլիսյան հայերիս համար վիրավորական է դեսպանության այժմյան վայրը՝ վատ հարմարեցված շենքում, այսպես կոչված՝ Շների նրբանցքում։

Մեր հասարակական կազմակերպությունը՝ Թբիլիսիի հայերի միությունը, հետխորհրդային ամբողջ շրջանում զբաղվում է Վրաստանում հայկական մշակութային ժառանգության պահպանման խնդրով։

Մեզ, լայն հասարակայնության եւ «Գոլոս Արմենիի» ու «Նոյյան տապան» թերթերի խմբագրությունների աջակցության պայմաններում, հաջողվել է վերջնական սնանկացումից եւ կործանումից փրկել մշակույթի եւ հասարակական մտքի հայ գործիչների Պանթեոնը, որտեղ հանգչում են Հովհաննես Թումանյանը, Րաֆֆին, Գաբրիել Սունդուկյանը, Նար Դոսը, Ծերենցը, Արծրունին եւ մեր պատմության այլ հերոսները, ինչպես նաեւ Հովհաննես Թումանյանի հուշարձան-բնակարանը, որ վաճառքի էր հանվել արտասահմանցի բանվորների համար հոսթելի վերածելու նպատակով։ Թբիլիսիի քաղաքապետարանի աջակցությամբ հուշատախտակներ են դրվել Հովհաննես Թումանյանի, Րաֆֆու, Գաբրիել Սունդուկյանի, Հակոբ Հակոբյանի, Միքայել Արամյանցի, Վիկտոր Համբարձումյանի, Ռուբեն Մամուլյանի, Արմեն Տիգրանյանի, Արամ Խաչատրյանի, Տիգրան Պետրոսյանի, Օրբելի եղբայրների, Միքայել Թարիվերդիեւի տների վրա։

Քաղաքապետարան հայտ է ուղարկվել, որպեսզի հուշատախտակներ տեղադրվեն Ալեքսանդր Շիրվանզադեի, ակադեմիկոսներ Ալիխանյան եղբայրների, բարերարներ Իսայի Պիտոեւի եւ Միխայիլ Թամամշեւի, հանրահայտ ճարտարապետներ Միխայիլ Օրանջանովի, Գաբրիել Տեր-Միքելովի, Կոնստանտին Սարկիսովի, Պավել Զուրաբովի, Ստեփան Սաթունցի տների վրա․․․»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ