News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը


Ճիշտ չեն այն դիտարկումները, թե հիմա ճանապարհ են փակում, որովհետև հեղափոխության օրերին էլ են ճանապարհներ փակվել: Այդ մասին այսօր՝ հունվարի  15-ին Facebook սոցիալական ցանցի լայվի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝  անդրադառնալով  Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու հետ կապված Էջմիածնում տեղի ունեցող իրադարձություններին:

«Ասում են՝ բա լա՞վ է, որ դուք փակում էիք: Հարգելի քաղաքացիներ, մենք փակում էինք, որովհետև երկրում չկար ժողովրդի վստահությունը վայելող իշխանությունը: Այսօր մեր քաղաքացիներն իրենց իշխանությունը ձևավորել են ազատ, արդար ընտրություններով: Եվ այդ իշխանությունը պետք է առկա խնդիրները լուծի: Մարդիկ ասում են՝ Մանվել Գրիգորյանին բաց են թողել: Այնպիսի տպավորություն է, որ իրենք են Մանվել Գրիգորյանին բռնել, մենք էլ բաց ենք թողել: Մեր իշխանության, կառավարության գործունեության արդյունքում են տեղի ունեցել այդ բացահայտումները: Հիմա այն գործողությունները, որոնք արվում են ճանապարհները փակելու հետ կապված, արվում են ուղիղ ընդդեմ կառավարության: Կրկին հուսահատ շեշտադրումներ են ի հայտ գալիս, թե տեսեք կառավարությունը չի կարող ճանապարհները բաց պահել, ոչինչ չի փոխվում եւ այլն»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետն ընդգծեց, որ եթե Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխվել է, ապա դա դեռ չի նշանակում, որ նրան ուղղված մեղադրանքները վերացվել են: Նա վստահեցրեց, որ գործի նախաքննությունը գնալու է մինչեւ վերջ՝ հասնելով դատական գործընթացին. «Անկեղծ, ինձ համար էլ տհաճ էր, որ իմացա խափանման միջոցը փոխելու մասին: Բայց հենց դա է խնդիրը, անկախ դատական իշխանություն գոյություն չի ունենում այն ժամանակ, երբ իշխանությունը փորձում է դատական համակարգից իր համար միայն հաճելի լուրեր լսել: Մյուս կողմից ես գտնում եմ, որ պատասխանատվության անխուսափելիությունը շատ կարևոր սկզբունք է եւ որեւէ մեկը չի կարող խուսափել պատասխանատվությունից: Էջմիածնում մի քանի կլաններ են եղել, միշտ իրար դեմ պայքարել են: Իմ տպավորությամբ ոմանք փորձում են մանիպուլյացիաներ անել, և այս ֆոնի տակ կլանային հարաբերություններ հաստատել Էջմիածնում: Դա չի անցնելու: Որոշ նախկին կլանային ուժեր փորձում են իրավիճակից օգտվել: Բա լավ էր, որ Նիկոլը ճանապարհ էր փակում, հիմա մենք ենք փակելու: Չեք փակելու, որովհետեւ դուք դրա լիազորութոյունը չունեք:  Ժողովուրդն իր իշխանությանը ընտրել է, և այդ իշխանության լիազորությունն է ապահովել ճանապարհների անցանելիությունը:  Եթե ուզում են իրավիճակը կաթվածահար անեն, ուրեմն գործում են ուղիղ կառավարության դեմ»:

Փաշինյանը նաեւ նշեց, որ քաղաքացիները կարող են իրենց կարծիքը արտահայտել, բայց ոչ իրավիճակը կաթվածահար անել: Նա կոչ արեց այդ ճանապարհով չգնալ. «Ես ուզում եմ խնդրել, որ փաստաբաններին չընկալեք հանրության թշնամի: Մենք վենդետա չենք ուզում, մենք ուզում ենք արդարադատություն, իսկ դրա ամենակարևոր նախապայմանը անկախ համակարգն է, ինչպես նաեւ մեղադրյալի պաշտպանության իրավունքը, որ պետք է իրականացվի պաշտպանի միջոցով: Ես վստահեցնում եմ՝ Հայաստանում ոչ մի կոռուպցիոներ չի խուսափելու պատասխանատվությունից»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ