News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Երեւանի ավագանու հունվարի 15-ին հրավիրված արտահերթ նիստին փոքրիկ լեզվակռիվ տեղի ունեցավ ֆինանսավարկային եւ տնտեսական հարցերով հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Աշոտ Մնացականյանի եւ ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանի միջեւ։

2019 թվականի տեղական տուրքերի գծով արտոնություններ սահմանելու մասին Երեւանի ավագանու որոշման նախագծով հարակից զեկուցող Աշոտ Մնացականյանին հարց ուղղելու իրավունքից օգտվելիս Անի Խաչատրյանը նշեց, որ շեղվելու է  օրակարգից եւ հարակից զեկուցողին հարց տալու փոխարեն խոսելու է ձնամաքրման աշխատանքներից, ինչին Մնացականյանը վրդովմունքով պատասխանեց. «Մի փոքր սյուրռեալիզմ է ստացվում, երբ ձեր խմբակցության ներկայացուցիչը ամբիոնից հորդորում է կարգը պահել, բայց ինձ հարց տալու փոխարեն դուք այլ հարցից եք խոսում, հետեւաբար դուք էլ պատկերացնում եք չէ՞ ինչ աբսուրդ է։ Մենք համաձայն ենք Թեհմինայի հետ եւ խնդրում ենք առաջին հերթին դուք դա պահպանեք»։

Նշենք, որ ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը իր ելույթում նշել էր, որ Երեւանի ավագանու դահլիճն էլ է որոշակիորեն նմանվել Երեւան քաղաքին եւ դարձել փոքր–ինչ թափթփված եւ անկարգուկանոն, քանի որ Երեւանի ավագանու կանոնակարգը անընդհատ խախտվում է։

Անի Խաչատրյանն էլ արձագանքեց, որ այդ դեպքում օրակարգի ժամանակ հարց տալու իրավունք պետք էր տալ. «Կարիք չկար այսպես արձագանքելու, ես իսկզբանե ասացի, որ շեղվում եմ օրակարգից եւ ընդամենը ուզում էի խոսել ձնամաքրման աշխատանքների մասին եւ ուզում էի ասել, որ ընդդիմությունը միայն նրա համար չէ, որ խնդիրներ բարձրաձայնի։ Ես ուզում եմ փաստել, որ այս իշխանության կատարած ձնամաքրման աշխատանքները ինձ համար  վերջին տարիներին իրականացված ձնամաքրման աշխատանքներից ամենալավն էին։ Բա չարժե՞ր խախտել օրակարգը»։

Տպել
Ամենաշատ