News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

5-ամյա ծրագրի շրջանակում (2019-2023 թվականներ) Երեւանում նախատեսվում է մինչեւ 500 հազար ծառ տնկել, որոնցից 30 հազար ծառ եւ թուփ կտնկվի այս տարի: Հունվարի 15-ին մամուլի ասուլիսին այս մասին ասաց քաղաքապետարանի բնության պահպանության վարչության ղեկավար Խաչիկ Հակոբյանը:

Նրա խոսքով՝ դեկորատիվ տեսակի ծառերը կփոխարինվեն արժեքավոր տեսակներով, այդ թվում ծաղկող ծառերով: Նշվեց, որ դա թույլ կտա արմատապես փոխել մայրաքաղաքի տեսքը:

Հիմնական շեշտը կդրվի հորիզոնական ճյուղավորմամբ, ամուր բներով ծառերի վրա, ընդ որում տնկիների տարիքը կկազմի 2-3 տարի: Հակոբյանը տեղեկացրեց, որ ծառերը կտնկվեն այն տարածքներում, որտեղ ոռոգման համակարգ է գործում:

Այս տարի ավելի քան 1 մլն ծաղկի սածիլ կտնկվի, ընդ որում դեկորատիվ տեսակների տեսականին զգալիորեն կընդլայնվի:

Ինչպես եւ հայտարարվել էր Ազատության հրապարակի մոտ 1 հա մակերեսով տարածքում, որը քաղաքապետարանը մտադիր է ազատել սրճարաններից, նախատեսվում է ծառերի մշտապես կանաչ տեսակներ տնկել, ինչպես նաեւ ծաղկող թփեր:

«Վերջնական արդյունքը կլինի մինչեւ տարեվերջ», - ընդգծեց նա:

Հակոբյանի խոսքով՝ 2019-ին աշխատանքներ կտարվեն Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի Դավիթաշեն-Աշտարակ հատվածում ծառերի տնկման եւ կանաչապատման համար: Նա հիշեցրեց, որ 27 հա մակերեսով տարածքում Մոնթե Մելքոնյանի փողոցի մոտ՝ հանգստի նոր գոտի կբացվի:

«Այդ տարածքի 70 տոկոսում կանաչապատման աշխատանքներ են նախատեսված», - ասաց նա:

Հակոբյանը նշեց, որ Նուբարաշենի աղբավայրի մոտակայքում նախատեսվում է 20 հա մակերեսով անտառապուրակ ստեղծել: Մասնավորապես արժեքավոր տեսակի բազմամյա ծառեր կտնկվեն, կաթիլային ոռոգման համակարգ կներդրվի: Հետագայում աղբավայրի փակվելուց եւ վերամշակումից հետո տարածքի կանաչապատման աշխատանքերը կշարունակվեն:

Մայրաքաղաքի քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում կլինեն նաեւ տնկարանների եւ մասնավոր ջերմոցների զարգացմանն ուղղված աշխատանքները: Հակոբյանի խոսքով՝ վերջնական արտադրանքը (ծաղկի սածիլները եւ տնկիները) բավականին ցածր ինքնարժեք կունենան: «Ապրիլին նախատեսվում է մեր տնկարան տեղափոխել 2800 արծաթափայլ եղեւնի, որը գերմանական Կարմիր խաչից նվեր ենք ստացել Երեւանի 2800-ամյակի կապակցությամբ: Դրանք Հայաստանի տարածքում կտնկվեն 1-2 տարի հետո»,- հայտնեց Հակոբյանը:

Նա անդրադարձավ նաեւ ծառերի գարնանային եւ աշնանային էտմանը՝ նշելով, որ կտրված ճյուղերը ուղղակիորեն տեղում կմանրացվեն, պարկերի մեջ կփաթեթավորվեն եւ կտրամադրվեն բնակչության սոցիալապես անապահով խավերին որպես վառելափայտ:

«Իմ քայլից» ավագանու անդամ Կարեն Անթաշյանն իր հերթին տեղեկացրեց մայրաքաղաքում լավագույն ծաղկող պատշգամբ մրցույթ անցկացնելու ծրագրերի մասին: Նրա խոսքով՝ քաղաքային այս նախաձեռնությունն ուղղված է շենքերի ճակատների կանաչապատմանը նպաստելուն: Իրենց պատշգամբը ծաղկող օազիսի վերածելու ցանկություն ունեցող քաղաքացիներին քաղաքապետարանը պատրաստ է սատարել խորհրդակցությունների եւ ծաղկի սածիլների տրամադրման ճանապարհով:

Հավելենք, որ Երեւանի կանաչ տարածքները կազմում են 6758.5 հա, որից 863 հա-ն ընդհանուր օգտագործման տարածքներն են (այդ թվում Հրազդանի կիրճը, այգիները, ծառուղիները եւ այլն): Բնակչության մեկ շնչին բաժին է ընկնում ընդամենը 7.8 քառ.մետր կանաչ տարածք, ինչը գործնականում կրկնակի քիչ է ընդունված միջազգային նորմատիվներից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ