News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Մետրոպոլիտենի տնօրեն Փայլակ Յայլոյանը հայտարարել է, որ կարող է լուծել ցանկացած խնդիր, քանի որ ինքը գտնվում է մոտ հարաբերությունների մեջ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Այս մասին հունվարի 15-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց մետրոպոլիտենի շահառուների իրավունքների պաշտպան Տիգրան Հայրապետյանը: Փաստաբանի խոսքերով, իր պաշտպանյալ Արթուր Խուրշուդյանը հայտարարություն է ներկայացրել «Կարեն Դեմիրճյանի անվան Երեւանի Մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի տնօրեն Փայլակ Յայլոյանի կողմից կատարված հանցագործությունների մասին:

«Կատարված հանցագործությունները ներառում են` կաշառք ընդունելը, պետական ​​միջոցների յուրացումը, պաշտոնեական լիազորությունների գերազանցումը: Որպես օրինակ կարող են ծառայել մետրոյի տարածքում լողավազանի կառուցումը եւ դրա վարձակալությունը, ինչպես նաեւ զվարճանքի բիզնեսի անվան տակ տարածքների վարձակալությունը», - նշել է փաստաբանը։ Տիգրան Հայրապետյանը նշել է, որ պետական ​​պաշտոնյան, ինչպիսին հանդիսանում է Փայլակ Յայլոյանը, հերիք չէ գերազանցել է իր պաշտոնեական լիազորությունները, այլեւ սպառնում է իր պաշտպանյալին՝  ՀՀ վարչապետի հետ ծանոթությամբ:

«Խնդիրն այն է, որ Արթուր Խուրշուդյանն իր տնօրինության տակ ունի տարածք, եւ Փայլակ Յայլոյանը բազմիցս հայտարարել է, որ ծանոթ է Նիկոլ Փաշինյանի հետ եւ, անհրաժեշտության դեպքում, կարող է կապվել նրա հետ եւ լուծել խնդիրներն այնպես, ինչպես  իրեն հարմար կլինի: Փայլակ Յայլոյանը, ըստ էության, ցանկանում է խլել Արթուր Խուրշուդյանին պատկանող տարածքը», - պարզաբանել է նա:

Փաստաբանի հայտարարությունը մեկնաբանելու խնդրանքով NEWS.am-ի թղթակիցը դիմել է մետրոպոլիտենի մամուլի քարտուղար Տաթեւ Խաչատրյանին․ նա նշել է, որ մետրոպոլիտենի ղեկավարությունը պարտադիր կդիմի համապատասխան մարմիններին հակընդդեմ հայցով` պահանջելով բարոյական վնասի փոխհատուցում:

Նրա խոսքով` Արթուր Խուրշուդյանն անցյալում եղել է ՀՀԿ նախընտրական շտաբի աշխատակից, իսկ քաղաքական փոփոխություններից եւ նոր ուժերի իշխանության գալուց հետո, ՀՀԿ-ն չեղյալ է հայտարարել տարածքի վարձակալության պայմանագիրը: Արթուր Խուրշուդյանը երբեք վարձակալության պայմանագրի կողմ չի եղել: «Եթե Արթուր Խուրշուդյանի եւ Փայլակ Յայլոյանի միջեւ այդ հարցով չի եղել հանդիպում, ապա պարզ չէ, թե տնօրենը ինչպես կարող էր ասել, որ ինքը ծանոթ է Նիկոլ Փաշինյանին եւ նրա միջոցով պատրաստվում է լուծել ինչ-ինչ հարցեր»,- պարզաբանել է Տաթեւ Խաչատրյանը:

Մամլո քարտուղարն ընդգծել է, որ Արթուր Խուրշուդյանի հայտարարությունները կապված են որոշակի քաղաքական դիվիդենտներ ստանալու եւ հասարակության ուշադրությունը գրավելու ցանկության հետ: «Քանի որ մետրոպոլիտենը ռազմավարական նշանակության օբյեկտ է, ապա այստեղ հաճախակի են անցկացվում ստուգումներ ինչպես տեղական իշխանությունների, այնպես էլ միջազգային կազմակերպությունների կողմից: Եվ եթե խախտումներ լինեին, բնականաբար դրանք կբացահայտվեին»,- ավելացրել է մամլո քարտուղարը: Մեկնաբանելով Արթուր Խուրշուդյանի հայտարարությունը, որ մետրոյի տարածքում կառուցվել են լողավազան եւ զվարճանքի վայր, Տաթեւ Խաչատրյանը նշել է, որ լողավազանն ու կարաոկեն գտնվում են մետրոպոլիտենի տարածքից դուրս:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ