News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Ազգային ժողովում կրքերը թեժացան այն բանից հետո, երբ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը խիստ քննադատության ենթարկեց Հայաստանի արտաքին քաղաքականությունը՝ սկսած Ռոբերտ Քոչարյանի ժամանակներից, մասնավորապես հիշատըակելով նաեւ Ուկրաինայում Հայաստանի նախկին դեսպան Անդրանիկ Մանուկյանի պաշտոնավարմանը:

Բաբաջանյանը նշեց, որ Մանուկյանը սպասարկել է ռուսական շահերը, համագործակցել քրեական տարրերի հետ, նրա օրոք վատացել են հայ-ուկրաինական հարաբերությունները:

Ի պաշտպանություն Անդրանիկ Մանուկյանի ելույթ ունեցավ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը, որը 3 տարի եղել է Անդրանիկ Մանուկյանի խորհրդականը: Աբովյանը պնդեց, որ Բաբաջանյանի մեղադրանքներն ադրբեջանական քարոզչության թեզերն են:

«Ինչն է ձեզ ստիպում այս ամբիոնից ադրբեջանական թեզերն առաջ բրդել: Այստեղ բոլոր արտահայտությունները, որ եղան, Ուկրաինայում ՀՀ նախկին դեսպան Անդրանիկ Մանուկյանի հասցեին, բացառապես սուտ էին: Հիմնականում արտացոլում էին ադրբեջանական տեսակետը: Ես չգիտեմ՝ դուք ում ջրաղացին եք ջուր լցնում»,-ասաց Աբովյանը՝ հավելելով, որ թույլ չի տա, որ այս ամբիոնից ապատեղեկատվություն հնչի:

Նա նշեց, որ Մանուկյանի աշխատանքի արդյունքն է այն, որ ուկրաինական հեղափոխության ժամանակ հայ համայնքը միակն էր, որ զանգվածային զոհեր չի տվել, ինչպես նաեւ ուկրաինական հեռուստատեսությամբ արցախանպաստ հաղորդում է հեռարձակվել: Աբովյանը պատմել է նաեւ, որ Անդրանիկ Մանուկյանը ՀՀ շահերը սպասարկել է իր կյանքը վտանգելով: «Ադրբեջանական կողմն ամեն ինչ անում էր, որ Անդրանիկ Մանուկյանին հետ կանչեն դեսպանի պաշտոնից»,-ասաց նա:

Արման Աբովյանը Բաբաջանյանին հարց ուղղեց, թե ինչու է զրպարտում Անդրանիկ Մանուկյանին: Բանավեճը թեժացավ, դրան միացան ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը եւ ԲՀԿ պատգամավորներից մեկը: Նրանք ոտքի ելան եւ սկսեցին բղավելով խոսել իրար վրա, սակայն չէր լսվում խոսքը: Ամբոինից իջավ նաեւ Արման Աբովյանը, սակայն նա վեճին չմիացավ:

Կրքերը հանգստացնելու համար ստիպված էին միջամտել ԱԺ աշխատակիցները եւ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: «Խնդրում եմ դահլիճում պահպանել լռություն: հերթագրվեք, եւ ամբիոնից խոսեք Խնդրում եմ պահպանեք հարգանք ԱԺ պատգամավորի կարեւոր ինստիտուտի նկատմամբ, միմյանց նկատմամբ եւ նախագահության նկատմամբ: Հետայսու եթե հաշիվներ պարզելու կարիք կա, պարզեք դահլիճից դուրս»,-ասաց Միրզոյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ