News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


«Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Արման Բաբաջանյանի ելույթը բացառապես քաղաքական էր, եւ մենք պետք է սովորենք հանգիստ լսել միմյանց քաղաքական հայտարարություններն ու ելույթները: Հունվարի 16-ին ԱԺ-ում այս մասին հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ մեկնաբանելով մի կողմից իր ու Բաբաջանյանի եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորների միջեւ լեզվակռիվը:

Նա կրկին պաշտպանեց Բաբաջանյանին եւ նշեց, որ նրա հայտարարություններում ոչ մի նոր բան չկար, քանի որ այդ մասին մամուլում բազմիցս գրվել է:

Մարուքյանը նշեց, թե ինչ Արման Բաբաջանյանն այստեղ խոսել է, դրա մասին հրապարակումներ եղել են: «Հիմա, որ մյուս դեսպանների հարազատները, օգնականերն այստեղ չեն ու չեն պատասխանում, ի՞նչ,  կարծում եմ՝ դա պետք չի ընդհանրապես ընդունել որպես անձնական հարց, քանի որ խոսքը նախորդ իշխանությունների վարած քաղաքականության մասին է»,-ասաց նա:

ԼՀԿ խմբակցության ղեկավարը նշեց, թե ինչու կարող են խոսել ՌԴ-ի, ԱՄՆ-ի և այլ կարևոր երկրներում նշանակումների մասին, իսկ Ուկրաինայի մասին չխոսել: Նա նկատեց, թե երբ մամուլում հրապարակումներ են եղել, այն ժամանակ կարող էին հերքել:

«Մենք այստեղ չենք եկել՝ անձնական պատերազմներ մղելու, և ելույթը ամբողջական քաղաքական ելույթ էր, պետք է սովորենք մեկս մյուսի քաղաքական ելույթները լսել: Հին Հայաստանի խորհրդարանում տեղի ունեցած բաները բացառենք այս խորհրդարանում`տեղից գոռալ, ճվալ, հասկանում եմ՝ էմիոցիաներ են, բայց կարող ենք չէ՞ գրանցվել, ու ինչ ասելիք ունեք, ասեք: Այդ կարգը խնդրում եմ իմ գործընկերներին պահել, ես էլ եմ ինձ զսպելու, նախկինում գուցե արել եմ, հիմա էլ փորձելու եմ չանել: Այս խորհրդարանն անձնական հարցեր լուծելու տեղ չի»,-ասաց նա:

Մարուքյանը նաև հորդորեց գործընկերներին «ադրբեջանական թեզեր առաջ տանելու, Ադրբեջանի ջրաղացին ջուր լցնելու» դաշտ չմտնել, իսկ եթե գտնում են, որ զրպարտել են, ապա կարող են դատի տալ:

Հիշեցնենք, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Արման Բաբաջանյանն իր ելույթում, անդրադառնալով Հայաստանի արտաքին քաղաքականության ոլորտում նշանակումներին, հայտարարել էր, որ երկար տարիներ շարունակ «Հայաստանի դեսպաններ են նշանակվել, որոնք կասկածելի կենսագրություն եւ քրեական անցյալ են ունեցել»: Ընդ որում՝ նա ընդգծել էր, որ դրա վառ օրինակն է Ուկրաինայում Հայաստանի նախկին դեսպան Անդրանիկ Մանուկյանը: Նման ելույթը տհաճ էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խմբակցության քարտուղար Արման Աբովյանի համար, որը նախկինում եղել է նշված դեսպանի խորհրդականը: Նա իր պատասխան ելույթում նշեց, որ Բաբաջանյանի արտահայտած քննադատությունը ադրբեջանամետ է եւ իրականությանը չի համապատասխանում:

Աբովյանի պատասխան ելույթը խորհրդարանում իրարանցում առաջացրեց, մասնավորապես՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչների շրջանում: Արդյունքում՝ ԼՀ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի եւ ԲՀԿ-ից պատգամավոր Հրանտ Մադաթյանի միջեւ լեզվակռիվ ծագեց:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ