Դպրոցական խորհուրդների հարցերով փորձագետները գրեթե ամեն օր ահազանգ են հնչեցնում, որ տնօրենների ընտրության հետ կապված բազմաթիվ թերություններ կան: Այս մասին հունվարի 16-ին Ազգային ժողովի նիստում հայտարարեց նախկին սփյուռքի նախարար, «Իմ քայլը» դաշինքից պատգամավոր Մխիթար Հայրապետյանը` պատասխանելով «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից պատգամավոր Սրբուհի Գրիգորյանի հարցին:
Գրիգորյանի խոսքով՝ Հայաստանում ձեւավորվել է կրկնուսույցների մշակույթ եւ այժմ ծնողները իրենց երեխաներին ուղարկում են կրկնուսույցների մոտ պարապելու ոչ թե 10-րդ դասարանից, ինչպես առաջ էր, այլ արդեն դպրոցում սովորելու առաջին տարվանից:
«Բուհերում նույնպես տարբեր խնդիրներ կան՝ սկսած կադրերի, լաբորատորիաների բացակայությունից՝ վերջացրած ժամավճարով աշխատող ուսուցիչներչին աշխատավարձերի վճարումից: Մարդիկ ընդամենը 5 հազար դրամ են ստանում եւ նրանց մոտ այլեւս ցանկություն չի առաջանում գիտության կամ կրթության ոլորտում աշխատանքը շարունակել», - ասաց նա:
Միեւնույն ժամանակ, պատգամավորը նշեց, որ մարզային համալսարանները նույնպես խնդիրներ ունեն, քանի որ շատ ռեկտորներ աշխատում են «կամայական մոտեցմամբ»:
Մխիթար Հայրապետյանը համաձայնեց, որ խնդիրներն իսկապես շատ են, եւ ասաց, որ նախատեսվում է մի շարք օրենսդրական նախաձեռնություններ ներկայացնել: «Կրթության եւ գիտության նախարարության հետ միասին մենք պետք է հասկանանք, թե ինչ կոնկրետ օրենսդրական որոշումներ են անհրաժեշտ», - պարզաբանեց Հայրապետյանը: