Կառավարության կառուցվածքը փոխելով՝ օպտիմալացումը կարելի էր այնպես անցկացնել, որպեսզի ապագայում տնտեսության այս կամ այն ոլորտը պետական պատշաճ ուշադրության բացակայության պատճառով չտուժեր: Հունվարի 16-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը:
Նրա խոսքով՝ պետական կառավարման ոլորտում ցանկացած կառուցվածքային կամ կադրային փոփոխություն պետք է համապատասխանի Կառավարության խնդիրներին եւ նպատակներին:
«Խնդիրն այն չէ, որ կրճատվել եւ միավորվել են նախարարությունները, այն այն, թե ինչպես է անցկացվել այդ գործընթացը», - ասաց նա:
Փորձագետը նշեց, որ Էկոնոմիկայի եւ գյուղատնտեսության նախարարությունների միավորման տրամաբանությունն անհասկանալի է, եթե հաշվի առնենք, որ գյուղատնտեսությունը ընդամենը տնտեսության ոլորտ է: «Առողջապահության նախարարությունը կարելի էր միավորել Սոցիալական ապահովության նախարարությանը, քանի որ այդ խնդիրները անմիջականորեն կապված են:
Սփյուռքի նախարարությունը կարող էր փոխարինվել կոմիտեով, հարկավոր էր այն ընդգրկել տնտեսական բլոկում, քանի որ սփյուռքի հետ մեր հարաբերությունները հիմնականում պետք է տնտեսական մասով լինեն», - հավելեց Մանասերյանը:
Նրա կարծիքով, բոլոր նախարարությունները կարելի էր բաժանել տնտեսական եւ ոչ-տնտեսական բլոկների: «Նպատակահարմար կլիներ, որ տնտեսական բլոկը փոխվարչապետի ենթակայության տակ լիներ», - եզրափակեց փորձագետը:
Նշենք, որ առաջիկայում խորհրդարանը պետք է `մոտ ապագայում նախարարությունների թվի կրճատման օրինագիծը քննարկի: