News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մերձավորարեւելյան խաղաղ ծրագիրը նախատեսում է պաղեստինյան պետության ստեղծում Հորդանան գետի Արեւմտյան ափի 90 տոկոսի եւ Արեւելյան Երուսաղեմի մի քանի հատվածների վրա, հայտնում է «Ռեշետ-13»-ը:

Նյութի հեղինակ, հայտնի լրագրող Բարաք Ռավիդը վկայակոչում է աղբյուրին, որը ներկա է եղել ամերիկացի պաշտոնյայի, ում անունը չի հրապարակվում, փակ ճեպազրույցին, եւ միաժամանակ մեջբերում է Սպիտակ տան ներկայացուցչին, ով հայտարարել է, որ «ծրագրի բովանդակության վերաբերյալ շահարկումները ստույգ չեն»:

Նրա տեղեկություններով՝ պաղեստինցիները երկու անգամ ավելի շատ հող կստանան, քան հիմա են վերահսկում, սակայն Երուսաղեմի պատմական կենտրոնն՝ իր կրոնական սրբավայրերով եւ հարակից շրջաններով, ինչպես նաեւ քաղաքի արեւմտյան հատվածը կմնան իսրայելական ինքնիշխանության ներքո: Իսրայելցիները կկարողանան բռնակցել Արեւմտյան ափի պաղեստինյան խոշոր հատվածները, պահպանել մեկուսացված բնակավայրերը, չնայած առանց դրանք ընդարձակելու իրավունքի, եւ պետք է տարհանեն, այպես կոչված, «ապօրինի բնակավայրային ֆորպոստները»: Ծրագրի հեղինակները կորուստների փոխհատուցումը նախատեսում են տարածքային փոխանակման մեխանիզմների հաշվին, նշված է նյութում:

«Թրամփի խաղաղ ծրագիրն այն տեսքով, որով ճեպազրույցում ներկայացրել է ամերիկացի պաշտոնյան, վերջին 20 տարում Իսրայելի համար ամենահարմար տարբերակն է»,- պնդում է հեռուստաալիքը:

Ամերիկացիներն ակնկալում են ամբողջ Արեւմտյան ափին եւ Արեւելյան Երուսաղեմին՝ ներառյալ քաղաքի պատմական կենտրոնը, հավակնող պաղեստինցիների կողմից մերժում: Վաշինգթոնում իսրայելցիների բարեհաճ արձագանքի հույս ունեն, չնայած երկիրը ղեկավարող աջ ճամբարը հրաժարվում է կիսել Երուսաղեմը եւ չի թաքցնում պաղեստինյան պետականությունը չճանաչելը:

Հեռուստաալիքի տեղեկություններով՝ ծրագիրն արդեն պատրաստ է: Այն ցանկանում էին հրապարակել մի քանի շաբաթ առաջ, սակայն որոշվել է ժամանակավորապես հետաձգել մինչեւ Իսրայելի խորհրդարանական ընտրությունները, որոնք տեղի են ունենալու ապրիլի 9-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ