News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայաստանի նոր իշխանությունը ժառանգել է կոռուպցիայից տառապող և մարդու իրավունքների անհամար խնդիրներ ունեցող մի երկիր, Human Rights Watch-ն այսօր հայտարարել է իր 2019թ. Համաշխարհային զեկույցում: Քանի որ նոր իշխանությունները սկսել են ինստիտուտների վերակառուցումը և կուտակված հանրային բողոքներին արձագանքելը, նրանք պետք է ապահովեն հարգանք պատշաճ իրավական ընթացակարգերի և մարդու հիմնարար իրավունքների հանդեպ:

2018թ. շաբաթներ տևած համաժողովրդական հանրահավաքները հեռացող նախագահին՝ Սերժ Սարգսյանին, ստիպեցին հրաժարական տալ, երբ նա փորձեց մնալ իշխանության որպես վարչապետ իր երկրորդ նախագահական ժամկետը լրանալուց հետո։ Ցույցերի առաջնորդ, ընդդիմադիր քաղաքական գործիչ Նիկոլ Փաշինյանը դարձավ Հայաստանի վարչապետ, սակայն հոկտեմբերին հրաժարական տվեց` արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու համար: Միջազգային դիտորդները հայտարարեցին, որ դեկտեմբերին կայացած խորհրդարանական ընտրություններն անցել են «լայն հանրային վստահության» ներքո, առանց նախորդ ընտրությունները ստվերող բացասական երևույթների, «ներառյալ ընտրակաշառքը և ճնշումն ընտրողների վրա»:

«Ազատ և արդար ընտրությունների իրականացումը կարևոր առաջին քայլն է Հայաստանի նոր իշխանության համար», - ասել է Գիորգի Գոգիան, Human Rights Watch-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով ասոցացված տնօրենը: «Բայց սա միայն սկիզբն է: Իշխանությունները պետք է օգտագործեն այս մանդատը բարեփոխումներ իրականացնելու համար, որպեսզի լուծվեն մարդու իրավունքների խնդիրները, որոնք մարդկանց դուրս էին բերել փողոց»:

647 էջից բաղկացած 29-րդ հրատարակության 2019-ի Համաշխարհային զեկույցի մեջ Human Rights Watch-ը ամփոփել է մարդու իրավունքների վիճակը ավելի քան 100 երկրներում: Իր ներածական ակնարկում Գործադիր տնօրեն Քենեթ Ռոթը նշում է, որ շատ երկրներում ատելություն և անհանդուրժողականություն սփռող պոպուլիստների դեմ աճում է դիմադրություն: Մարդու իրավունքները հարգող կառավարությունների նոր դաշինքները, որոնք հաճախ ձեւավորվում և աջակցվում են քաղաքացիական խմբերի և հասարակության կողմից, բարձրացնում են բռնապետական էքսցեսի գինը: Նրանց հաջողություններն իհարկե ցույց են տալիս մարդու իրավունքների պաշտպանության հնարավորությունը եւ նույնիսկ խավարի ժամանակներում դա անելու պարտավորությունը:

Փաշինյանի կառավարության ժառանգած խնդիրների շարքում է նաև տևական ժամանակ ոստիկանության անպատժելիությունը՝ հիմնականում խաղաղ բողոքի ցույցերը ցրելու նպատակով անհամաչափ ուժի կիրառման համար: Նոր կառավարությունը որոշակի առաջընթաց է արձանագրել չարաշահման գործերով տարիներ շարունակ սառեցված քննությունների շրջանակներում:

Իշխանությունները վերսկսել են 2008թ. մարտին ցուցարարների և իրավապահ մարմինների միջև տեղի ունեցած մահացու բախումների հետաքննությունը, և մեղադրանք են առաջադրել նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին և երկու հրամանատարներին: Մեղադրանք է առաջադրվել նաև ոստիկանության աշխատակցին, դատարանի նկուղում չորս ամբաստանյալների հանդեպ ծանր վատ վերաբերմունք ցուցաբերելու համար:

Այդուհանդերձ, սեպտեմբերին իշխանությունները կասեցրել են 2016թ. հուլիսին տեղի ունեցած այլ նմանատիպ դեպքի շուրջ քրեական գործը:

Անցյալի խնդիրներով զբաղվելու ընթացքում իշխանությունները պետք է լիարժեք կերպով ապահովեն բոլոր ձերբակալվածների դատավարական իրավունքները և երաշխավորեն դատական համակարգի անկախությունը, ասել է Human Rights Watch-ը:

Հայաստանում մարդու իրավունքների վերաբերյալ այլ հարցերի շարքում են ընտանեկան բռնությունը, բռնությունը և խտրականությունը լեսբի, գեյ, բիսեքսուալ և տրանսգենդեր (ԼԳԲՏ) մարդկանց նկատմամբ, հաշմանդամություն ունեցող երեխաների համար որակյալ կրթության մատչելիության բացակայությունը, հոգեսոցիալական (հոգեկան առողջության վիճակ) և մտավոր հաշմանդամություն ունեցող անձանց ինստիտուցիոնալացումը:

2018 թվականի առաջին հինգ ամիսներին ոստիկանությունն արձանագրել է 864 բռնության դեպք կանանց նկատմամբ, այդ թվում` ընտանեկան բռնության 223 դեպք: Մինչ հուլիս ամիսը ներառյալ ընտանեկան բռնության դեպքերի առթիվ իշխանությունները մեղադրանք են առաջադրել 31 անձի, դատարանները դատապարտել են յոթին: Իշխանությունները փետրվարին հաստատել են գործողությունների ծրագիր` ընտանեկան բռնության 2017 թվականի օրենքի կիրառման համար, սակայն կառավարությունը պետք է բարձրացնի ընտանեկան բռնության զոհերի համար բնակելի տարածքների թիվը, ստեղծի պետական ապաստարաններ և հարցի վերաբերյալ անցկացնի հանրային իրազեկման արշավներ:

Իշխանությունները պետք է նաև զբաղվեն լեսբի, գեյ, բիսեքսուալ և տրանսգենդեր մարդկանց նկատմամբ տարածված ոտնձգությունների, խտրականության և բռնության խնդիրներով: Քաղաքական կուսակցությունները և որոշ քաղաքական գործիչները փորձել են շահարկել համատարած հոմոֆոբիան և ատելության ու նսեմացնող ակնարկներ արել նախընտրական շրջանում:

Մինչ Հայաստանը շարունակում էր վերակազմավորել երեխաների համար գործող խնամքի որոշ հաստատություններ համայնքային կենտրոնների և աջակցել ընտանիքահեն խնամքին, այդ ծրագրերը չեն ընդգրկել հաշմանդամություն ունեցող երեխաներին այլ երեխաների հետ հավասար հիմունքներով: Գործող օրենսդրությունը թույլ է տալիս հոգեսոցիալական կամ մտավոր հաշմանդամություն ունեցող անձանց զրկել գործունակությունից և չկան որոշումների կայացմանն աջակցող համակարգեր, որոնք թույլ կտային հաշմանդամություն ունեցող մարդկանց փոխարենը ստանալ համայնքում ապրելու համար անհրաժեշտ աջակցությունը: Որպես հետևանք, հաշմանդամություն ունեցող որոշ մարդիկ անորոշ ժամանակով մնում են հաստատություններում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իմ անունից տարածվում են կեղծ տեղեկություններ. Լեւոն Քոչարյան
Այս ամենի նպատակը մարդկանց մոլորեցնելն է: Խնդրում եմ եղեք ուշադիր եւ հետեւեք իմ պաշտոնական էջերին...
«Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են
Երեկ փորձեցինք վարչապետի խոսնակից տեղեկանալ՝ նախատեսվո՞ւմ է արդյոք Տավուշ այց, ինչպեսեւ խոստացել...
«Ժողովուրդ». Կոռուպցիոն բացահայտում. Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոք
Այս հիմնադրամին ամեն տարի ՀՀ կառավարության որոշմամբ պարբերաբար փոխանցվել են միլիոնավոր դոլարներ...
«Հրապարակ». Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում
Ակնհայտ է, որ ընտանիքիս անդամներին հետապնդելով՝ փորձում են ինձ վրա ճնշում բանեցնել, որը չի ստացվի, սա ո՛չ...
«Իրավունք». Նիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են տվել
Հրահանգել է, որ պարտադիր հանդիպումներ ունենան արցախահայերի հետ ու համոզեն, որ սուս նստելու դեպքում...
«Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞
Խոսքը, մասնավորապես, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի մասին է, որի ղեկավարը ներկայում Դավիթ...
Ամենաշատ