Lenovo ընկերությունը, որին պատկանում է Motorola բջջային հեռախոսների արտադրողը, կարող է փետրվարին արդեն վերսկսել Razr շարքի ծալովի հեռախոսների արտադրությունը, հայտնում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով աղբյուրներին:
Նրանց տվյալներով՝ Lenovo-ն մտադիր է մոտ 200 հազար հեռախոս արտադրել: Գաջեթի սկզբնական գինը մոտ 1,5 հազար դոլար է: Աղբյուրներից մեկի համաձայն՝ մոդելը դեռ փորձարկվում է եւ նրա զանգվածային արտադրության մասին որոշում չի ընդունվել:
Ստեղներով ծալովի Razr V3 հեռախոսն առաջին անգամ ներկայացվել է 2004-ին եւ դարձել ամենավաճառվող բջջային սարքերից մեկը:
Սակայն 2007-ին Apple-ը եւ BlackBerry ընկերությունները սենսորային էկրաններով հեռախոսներ ներկայացրեցին, ստեղներով հեռախոսների վաճառքը սկսեց կտրուկ նվազել, Razr-ի արտադրությունը դադարեց:
2011-ին Motorola-ն փորձեց վերսկսել Droid Razr անվանումով Android համակարգով գաջեթների արտադրությունը, սակայն նրան չհաջողվեց կրկնել Razr V3- հաջողությունը: