News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանն այսօր՝ հունվարի 17-ին հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեի հետ:

Հանդիպման սկզբում ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատարը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին է ներկայացրել ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ նորանշանակ մշտական ներկայացուցիչ եւ համատեղության կարգով Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում ՀՀ վարչապետի անձնական ներկայացուցիչ Քրիստիան Տեր-Ստեփանյանին՝ համոզմունք հայտնելով, որ վերջինս իր նշանակալի ներդրումը կունենա ՅՈՒՆԵՍԿՕ-ի եւ Հայաստանի միջեւ համագործակցության խթանման, Կազմակերպության հետ համատեղ ծրագրերի եւ նախաձեռնությունների կյանքի կոչման գործում:

Զոհրաբ Մնացականյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնական նպատակներին համահունչ Կազմակերպության աշխատանքներին ակտիվ ներգրավվածությանը: Այս առնչությամբ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հարթակի անհարկի քաղաքականացման փորձերի անթույլատրելիությունը, ինչը հնարավորություն չի ընձեռում կենտրոնանալու կառույցի՝ մշակույթի միջոցով պետությունների միջեւ համագործակցության խթանմանը եւ խաղաղությանն ու ժողովուրդների անվտանգությանը նպաստելու հիմնական առաքելության վրա:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել համամարդկային մշակութային ժառանգության պահպանմանն ու վերականգնմանը նվիրված համատեղ ծրագրերի նախաձեռնման եւ կյանքի կոչման շուրջ:

Հանդիպմանը Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն անդրադարձել է նաեւ 2018թ. Երեւանում կայացած Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի արդյունքներին, մտքեր են փոխանակել  ՅՈՒՆԵՍԿՕ-ի եւ ՖՄԿ համագործակցությանն ու համատեղ ծրագրերի իրականացմանն առնչվող հարցերի շուրջ, ինչը, ԱԳ նախարարի պաշտոնակատար Մնացականյանի բնորոշմամբ, Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովում Հայաստանի նախագահության առաջնահերթություններից է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ