News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Երեւանի մի շարք մանկապարտեզներում այս օրերին նորոգվում ու կահավորվում են տարիներ շարունակ չօգտագործված սենյակները՝ նոր խմբերի երեխաներին դիմավորելու համար: Երեւանի թիվ 15, 59 եւ 60 մանկապարտեզներում նախապատրաստական աշխատանքներին ու փոքրիկների համար ստեղծվող պայմաններին ծանոթացել է Երեւանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը:

«Երեւանում եղած առաջնային խնդիրներից է նաեւ մանկապարտեզների հերթագրումը, թիվը մոտ 8000-ի է հասնում: Ցավոք սրտի, երկար տարիներ մարդիկ հերթագրվում էին ու չէին կարողանում իրենց երեխաներին մանկապարտեզ ուղարկել, որպեսզի ստանան համապատասխան կրթություն: Քաղաքապետի կողմից շատ հստակ հանձնարարական կար դրված. գտնել ճանապարհներ լուծելու այդ խնդիրը»,-նշել է Տիգրան Վիրաբյանը:

Խնդրին համակարգային լուծում տալու համար նախ գույքագրվեցին համայնքային ենթակայության մանկապարտեզներում առկա բոլոր այն տարածքները, որոնք վարձակալությամբ էին տրամադրված տարբեր կազմակերպությունների:

«Կային կազմակերպություններ, որոնց աշխատանքն իրոք հանրօգուտ էր, կարեւոր էր մեր երկրի ու քաղաքի համար: Կազմակերպություններ էլ կային, որոնց ներկայությունը մեր մանկապարտեզների շենքերում այնքան էլ չէր բխում հանրային, այլ բխում էր նեղ անձնական շահերից: Վարչական բոլոր շրջանների ղեկավարներին տրվեց հանձնարարական՝ գրանցել բոլոր այն կազմակերպությունները, որոնք գործում են մանկապարտեզների տարածքներում եւ հանել իրավական հիմքերը: Նրանք. որոնք չունեն իրավական հիմքեր, շատ ավելի հեշտ է, որ ազատեն տարածքները, իսկ որոնք ունեն իրավական հիմքեր, մենք փորձում ենք գտնել իրավական ճանապարհ իրենց այդ տարածքներից հանելու համար»,- նշել է փոխքաղաքապետը:

Արդեն փետրվարի 1-ից, ծրագրի առաջին փուլով, հավելյալ 350 երեխա կհաճախի մանկապարտեզ: Մինչեւ տարվա վերջ, առնվազն, 1000-ով ավելի երեխա կհաճախի մանկապարտեզ: Տիգրան Վիրաբյանի խոսքով՝ արվելու է հնարավորը, որ ծրագրի երկրորդ փուլը եւս մեկնարկի ճիշտ ժամանակին:

«Մենք պետք է աշխատանքներ տանենք, որ երկրորդ փուլը եւս կարողանանք հավուր պատշաճի իրականացնել: 2019թ. ընթացքում պետք է անենք հնարավոր ամեն ինչ, որ 2020թ. չբավարարվենք այդ 1000 երեխաներով եւ խնդիրը հետզհետե մոտեցնենք վերջնական լուծման»,- ասել է Տիգրան Վիրաբյանը:

Հերթագրման գործընթացն առավել թափանցիկ ու քաղաքացիների համար առավել մատչելի դարձնելու նպատակով էլ շուտով Երեւանի քաղաքապետարանը կգործարկվի mankapartez.yerevan.am կայքը: Իրենց երեխաների հերթին սպասող ծնողներն այսուհետ անձամբ կհետեւեն համակարգի աշխատանքի ողջ ընթացքին:

«Հասարակության շրջանում անընդհատ խոսում են, որ հերթագրման գործընթացն, այսպես ասած, կուլիսային է, թափանցիկ չէ: Երեւանի քաղաքապետարանը շատ շուտով հանրությանը կներկայացնի mankapartez.yerevan.am կայքը, որը ողջ գործընթացը կդարձնի առավել թափանցիկ, եւ ծնողները հնարավորություն կունենան հետեւելու ողջ ընթացքն ու տեսնել, թե իրենց երեխայի հերթագրումը որ փուլում է: Սա նույնպես մեր որդեգրած քաղաքականության մի մասն է. ցանկացած աշխատանք, որը կատարում է Երեւանի քաղաքապետարանը, պիտի լինի հասու հանրությանը»,- ընդգծել է Երեւանի քաղաքապետի տեղակալը:

Այցի ժամանակ Տիգրան Վիրաբյանը հետաքրքրվել է նաեւ մանկապարտեզներին սնունդ մատակարարող մրցույթները շահած նոր կազմակերպությունների գործունեությամբ, լսել պատասխանատուների կարծիքը:

«Անցած տարի մի շարք մանկապարտեզներ բողոքում էին հացի որակից, սակայն այսօր արդեն ասում են, որ բարձրակարգ հաց է մատակարարվում: Մրցութային բոլոր այն պայմանները, որոնք դրված են եղել, պահպանվում են, մատակարարվող սննդի տեխնիկական բնութագրերը՝ եւս»:

Մանկապարտեզներում սուր շնչառական վարակների տարեշրջանով պայմանավորված՝ ընդհանուր իրավիճակը եւս վերահսկվում է. երեխաների առողջական վիճակը ստուգվում է ամեն օր:

Մեկ անգամ եւս անդրադառնալով մանկապարտեզները վճարովի դարձնելու խոսակցություններին՝ փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը ընդգծում է. Երեւանի քաղաքային իշխանության օրակարգում նման հարց չկա:

Տպել
Ամենաշատ