1990 թ. հունվարին Բաքվում տեղի ունեցած իրադարձությունները ոչ այլ ինչ են, քան հայ ժողովրդի դեմ ցեղասպանության դրսեւորում: Հունվարի 18-ին ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Հայաստանի առաջին օմբուդսմեն, «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության ղեկավար Լարիսա Ալավերդյանը:
«Մարդիկ խոշտանգումների էին ենթարկվում միայն իրենց ազգային պատկանելիության պատճառով: Ավելի քան 400 մարդ սպանվել էր», - հիշեցրեց իրավապաշտպանը: Նրա խոսքով, անհրաժեշտ է աշխատանք իրականացնել, որպեսզի այդ իրադարձությունները ճանաչվեն այնպիսին, ինչպիսին եղել են իրականում: «Սակայն Հայաստանի իշխանությունները այդ եւ նման այլ ողբերգությունների առնչությամբ, որոնք որպես ցեղասպանություն են որակվում, ոչ մի փաստաթուղթ չի ընդունել:
Միայն ՀԽՍՀ Գերագույն խորհուրդը դա ցեղասպանություն անվանեց եւ պահանջեց պատժել կազմակերպիչներին եւ մեղավորներին: Հետագա տարիներին Հայաստանը երբեք չի զբաղվել այդ հարցով», - ասաց Ալավերդյանը` հավելելով, որ այս ամենը հաշվի առնելով, արցախյան կողմը անվստահությամբ է վերաբերվում Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման կոչերին:
Նա տեղեկացրեց, որ «Ընդդեմ իրավական կամայականության» կազմակերպությունը դիմելու է Ազգային ժողովին`խնդրելով այս հարցով լսումներ անցկացնել` հույս ունենալով, որ այն ի վերջո բանաձեւ կընդունի, որն իրերն իր անուններով կկոչի: