News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Ես լրջագույն քաղաքական սխալ կհամարեմ ԱԱԾ-ին, ոստիկանությանը նախարարության կարգավիճակ տալը եւ կրկին քաղաքականացնելը: Այս մասին, այսօր՝ հունվարի 18-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով ԱԱԾ-ն, ոստիկանությունը եւ ՊԵԿ-ը նախարարություն դարձնելու եւ դրանով խորհրդարանական վերահսկողության տակ դնելու «Լուսավոր Հայաստանի» առաջարկությանը:

«Ես կարծում եմ, որ վերջին երկու տասնամյակներին մեր ունեցած ինստիտուցիոնալ ձեռքբերումներից մեկը նաեւ հենց այս կառույցներն ապաքաղաքականացնելն էր եւ նախարարության կարգավիճակից զրկելը: Իմ կարծիքն է, որ պետք է իրենց այսօրվա կարգավիճակը պահպանել»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է «Լուսավոր Հայաստանի» դիրքորոշմանը, որ այդ կառույցները պետք է դառնան նախարարություն, որպեսզի խորհրդարանական վերահսկողություն սահմանվի այդ ուժային կառույցների նկատմամբ, Արարատ Միրզոյանն ասաց. «Վերահսկողության առումով իսկապես համաձայն եմ, որ այս կառուցները վերջին տարիներին դուրս են եկել հանրության վերահսկողությունից: Ես ինքս եւ մեր մյուս գործընկերները խոսել ենք դրա մասին եւ մենք պետք է քայլեր անենք իրավիճակը շտկելու ուղղությամբ: Բայց ոչ նախարարության կարգավիճակ տալով: Մեխանիզմները կարող են լինել բազմաթիվ այդ գերատեսչությունների ղեկավարներին խորհրդարան բերելու, պատգամավորների հետ հանդիպումներ կազմակերպելու եւ այլ գործիքներով: Կան նաեւ գրավոր հարցումների ճանապարհը եւ այլն»:

Նա նկատեց, որ այս մասին խոսվում է նաեւ սուպերվարչապետության համատեքստում. «Օրինակ, լուծում կարող է լինել, որ ասենք ոստիկանությունը վարչապետի ենթակայությունից բերվի կառավարության ենթակայության տակ, բայց ԱԱԾ-ի դեպքում կարծում եմ՝  պետք է մնա վարչապետի ուղղակի ենթակայության տակ: ԱԱԾ-ն չափազանց սպեցիֆիկ կառույց է: Ես այս ամիսներին իմ ունեցած փորձից եմ եկել այդ եզրակացության: Ներքաղաքական բաղադրիչը շատ քիչ է, հիմնականում արտաքին գործոններով պայմանավորված:

Եթե մենք մի քիչ կարող ենք շահել վերահսկողության առումով, դրան զուգահեռ շատ ավելին կարող ենք կորցնել, ռիսկերը կարող են լինել հսկայական: 1990-ականներին այդ կառույցները ներգրավված էին քաղաքականության մեջ»:

Դիտարկմանը, որ ընդդիմադիր եղած ժամանակ ինքը դեմ է եղել սուպերվարչապետության եւ կողմ է եղել, որ ուժային կառույցները լինեն խորհրդարանական վերահսկողության տակ, Միրզոյանը արձագանքեց. «Ես շարունակում եմ ունենալ նույն մոտեցումը, որ ուժային կառույցները պետք է լինեն հաշվետու եւ վերահսկվեն հանրության կողմից, այդ թվում միջնորդավորված խորհրդարանի կողմից: Խոսքը ձեւաչափի, հարթակի, տեխնիկական հարցերի մասին է»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ