Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը հունվարի 18-ին հատուկ միջոցառումներով նշում է Սուրբ Ծնունդը։ Երուսաղեմի Հայոց պատրիարքարանը բոլոր տոները նշում է հին տոմարով՝ 13 օր տարբերությամբ։
Ինչպես Երուսաղեմից տեղեկացնում է NEWS.am-ի թղթակիցը, Երուսաղեմի Հայոց պատրիարքության հոգեւորականները, Ժառանգավորաց վարժարանի սաները, Հորդանանի եւ Իսրայելի հայ սկաուտները հունվարի 18-ի առավոտյան երթով, Հայաստանի ու Արցախի դրոշներով քայլերթով շարժվել են դեպի Բեթղեհեմ՝ Սուրբ Ծննդյան տաճար։
ՀԵրուսաղեմի Հայոց պատրիարքի գլխավորությամբ թափորը մտել է Բեթղեհեմի Սուրբ Ծննդյան հրապարակ եւ այնուհետ Սուրբ Ծննդյան տաճար, որտեղ Հայաստանից եւ աշխարհի տարբեր երկրներից ժամանած հայ ուխտավորները ստացել են պատրիարքի օրհնությունը։
Այնուհետ Սուրբ Ծննդյան տաճարի հայկական հատվածում ժամը 14:00-ից սկսվել են կրոնական միջոցառումները, որի ըթնացքում տեղի է ունեցել նաեւ Ճրագալույցի պատարագը։ Կեսգիշերին սպասվում է Պաղեստինի նախագահի այցը Սուրբ Ծննդյան տաճար։ Արդեն 02:00-ին սկսվելու է Սուրբ Ծնունդի պատարագը։ Միջոցառումները կշարունակվեն մինչեւ առավոտյան 07:00: