News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Երբեմն բավական դժվար է սահմանազատիչ գիծ անցկացնել քաղաքականության եւ տնտեսության միջեւ, բայց եթե մենք ուզում ենք գտնել ինչ-որ քաղաքական ենթատեքստ գազի գնի բարձրացման մեջ, ապա մենք այն անպայման կգտնենք, իսկ եթե ոչ, ուրեմն չենք գտնի։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է խորհրդարանի Տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի ղեկավար, «Իմ քայլը» կառավարող խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը։

Նա նաեւ հիշեցրել է, որ գազի գինը նախկինում էլ պարբերաբար փոխվում էր։ «Գազը թանկանում էր թե՛ Ռոբերտ Քոչարյանի, թե՛ Սերժ Սարգսյանի օրոք, եւ թանկանում էր շատ ավելի, քան հիմա։ 2012-ին, օրինակ, այն թանկացավ՝ 185-ից հասնելով 270 դոլարի, բայց սպառողներին այդ մասին անգամ չտեղեկացրին»,- պարզաբանել է Թունյանը։

Հարցին, թե արդարացի է արդյոք, որ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների համար գազի գինը կարող է տարբեր լինել, եւ արդյո՞ք սա չի նպաստում անհավասար մրցակցության ձեւավորմանը նրանց միջեւ՝ խորհրդարանի մշտական հանձնաժողովի ղեկավարը պատասխանել է, որ ԵԱՏՄ-ն թեեւ միասնական տնտեսական գոտի է, բայց դա բնավ չի նշանակում, թե այդ միության անդամ երկրները չեն կարող հետապնդել իրենց սեփական շահերը։

Նրա խոսքով՝ բնական է, երբ Հայաստանը, Բելառուսը եւ ԵԱՏՄ մյուս անդամ երկրները ջանում են իրենց համար առավելագույն շահ ստանալ, բայց Երեւանում պետք է հասկանան, թե երկիրն ինչ ռեսուրսներ ունի առավել արտոնություններ ստանալու համար։ «Բայց, ցավոք, մեր ռեսուրսները շատ քիչ են։ Եթե գոնե այլընտրանքային հնարավորություններ ունենայինք կամ Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքը ավելի նպաստավոր լիներ, կամ էլ մյուս պայմաններն ավելի լավը լինեին, իսկ մենք էլ ավելի ճկուն լինեինք, ապա ավելի ազատ կկգործեինք։ Համենայն դեպս, շատ հարցերում մենք ավելի ազատ կլինեինք։ Բայց մենք պետք է հասկանանք հետեւանքներն ու իրողությունները, որոնք կարող են սպասել մեզ, եթե սկսենք շատ կոշտ պահանջներ առաջադրել»,- ասել է պատգամավորը։

Հիշեցնենք, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերության եւ իշխանությունների միջեւ շարունակվում են բանակցությունները գազի սակագնի շուրջ։ Մինչեւ դրանց ավարտը ընկերությունը համաձայնել է հայցով չդիմել Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովին սակագների փոփոխման վերաբերյալ։ Չնայած վարչապետ Նիկոլ Փաշինյանի բազմակի հավաստիացումներին՝ ռուսական գազի գնի իջեցման հասնելու վերաբերյալ, հունվարի 1-ից այն թանկացել է՝ 150-ից հասնելով 165 դոլարի հազար խորանարդի համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ