News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Պարգեւատրումներն իրականացվել են աշխատավարձի ֆոնդի խնայողությունների հաշվին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը՝ անդրադառնալով Hetq.am-ի հրապարակմանը, ըստ որի Կոտայքի մարզպետը մի քանի ամիս աշխատած իր թիմակիցներին դրամական խոշոր պարգեւներ է տրամադրել:

Մարզպետը, մասնավորապես, գրել է.

«Կոտայքի մարզի հարգելի՛ քաղաքացիներ եւ ԶԼՄ ներկայացուցիչնե՛ր, թեեւ ես ինձ համար որպես սկզբունք եմ որդեգրել՝ չանդրադառնալ ամեն տեսակի բամբասանքի, սակայն պետք է ցավով նշեմ, որ այս անգամ աղմուկը հատեց այն սահմանը, որից հետո լռելը պարզապես անթույլատրելի է։ Այս գրառմամբ ես ուզում եմ ընդգծել այն աշխատանքը, որ իմ թիմն իրականացրել է այս ամիսների ընթացքում եւ որով օբյեկտիվորեն արժանացել է պարգեւատրման՝ որակյալ աշխատանքի եւ արդյունավետության համար։

Իմ պաշտոնավարման ընթացքում սուբվենցիոն եւ հրատապ ծրագրերով մարզում իրականացրել ենք 33 ծրագրեր, այդ թվում՝ համայնքային ճանապարհների բարեկարգում, բազմաթիվ մանկապարտեզների նորոգում, ջեռուցում, դպրոցների տանիքների վերականգնում, փողոցային լուսավորության անցկացում, ասֆալտապատում, ջրահեռացման համակարգերի անցկացում, բոլոր ենթակա կառույցներում կոռուպցիայի ի սպառ բացառում, որի արդյունքում գոյացած միջոցներով դեռ լուծելու ենք բազմաթիվ խնդիրներ։

Նախկին իշխանությունների ապաշնորհ կառավարումից հետո մենք ունենք համայնքներ, որտեղ տասնյակ միլիոնավոր դրամների ապօրինություններ կան, ու մենք այսօր հետեւողականորեն այդ ամենը վերադարձնում ենք համայնքներին ու դրանցով կառուցում մանկապարտեզներ, խաղահրապարակներ․․․․ Եթե նախկինում ներդրողը հեռանում էր Կոտայքի մարզից՝ տեսնելով կառավարիչների կամայականությունները, ապա այսօր նրանց թիվն օրեցօր ավելանում է, որովհետեւ տեսնում են, թե որքան սրտացավ ենք մեր քաղաքացիների հանդեպ․․․

Այս շարքը գրեթե անվերջ կարելի է շարունակել, եթե հատ առ հատ թվեմ ամբողջը։ Բայց մի բան կարեւոր է․ Ամանորի նախաշեմին ավելի քան 9 միլիոն դրամի ֆինանսական աջակցություն տրամադրվեց մոտ 300 ընտանիքների, այդ թվում՝ (ցավով եմ նշում) արյան չարորակ ուռուցք ունեցող երեխաների ընտանիքներին եւ զոհված ազատամարտիկների հարազատներին: Ինչո՞ւ այս որոշումը մի շարք լրատվականների համար ուշադրության նյութ չդարձավ։ Այս մասին չխոսվեց, որովհետեւ այստեղ չկա շահերի բախում, միանշանակ է, որ այս մարդկանց աջակցել էր պետք։

Բայց երբ կան քաղաքական շահեր, սովորական 13-րդ աշխատավարձը, որ տրվել է մարզպետարանի իմ գործընկերներին, դառնում է շահարկման նյութ։

Սիրելինե՛րս, գուցե ես չանդրադառնայի այս ամենին, եթե ազնիվ գործած չլինեինք, եւ գուցե իմ արձագանքը լիներ «կխոսեն, կանցնենք առաջ, կմոռանան»։ Իսկ իրականում ես ուզում եմ, որ ոչ ոք այս օրերի մանիպուլյացիան ու արհեստական աղմուկը չմոռանա, որովհետեւ շատ կարճ ժամանակ անց, երբ մենք սկսենք քաղել այս 6 ամիսների աշխատանքի արդյունքները, ես պետք է հիշեցնեմ այս օրերի անազնիվ մոտեցումը, որին շատերդ տրվում եք՝ առանց փաստական հիմքը հստակ ուսումնասիրելու։

Այս հարցի հետ կապված հարկ եմ համարում նշել, որ տարեվերջյան պարգեւատրումներն իրականացվել են բացառապես 2018թ. աշխատավարձային ֆոնդի խնայողությունների հաշվին. երկու իրավական ակտերով պարգեւատրման է արժանացել մարզպետարանի ԱՄԲՈՂՋ աշխատակազմը, ըստ որում՝ 1-ին կարգի, առաջատար եւ գլխավոր մասնագետները պարգեւատրվել են աշխատավարձի 100 %-ի չափով, իսկ ղեկավար անձնակազմը՝ 87 %-ի չափով: Պարգեւատրումներն իրականացվել են օրենսդրության եւ իրավական ակտերի պահանջներին խիստ համապատասխան, եւ ճիշտ այնպես, ինչպես եւ նման պարգեւատրումների են արժանացել պետական հատվածի բազմաթիվ աշխատակիցներ, ՏԻՄ-երի համայնքային ծառայողներ ու դպրոցների եւ բուժհաստատությունների հազարավոր աշխատակիցներ։

Առանձնահատուկ կարեւորում եմ այն հանգամանքը, որ մարզպետարանի աշխատակազմում եւ նրա ենթակայությամբ գործող հաստատություններում ԲԱՑԱՌՈՒՄ ԵՄ որեւէ տեսակի կոռուպցիոն մեխանիզմների առկայություն եւ այդով խիստ համաչափ եմ համարում նման պարգեւատրումների պրակտիկան` անկախ աշխատակիցների պաշտոնավարման տեւողությունից, քանի որ մասնավորապես այս փուլում աշխատակազմն աշխատել է գերծանրաբեռնված օրակարգով, շատ հաճախ նաեւ շաբաթ եւ կիրակի օրերին եւ ծառայություններն իրացրել է բազմաթիվ օրերին մինչեւ կեսգիշեր»:

Կոտայքի մարզպետը մի քանի ամիս աշխատած իր թիմակիցներին դրամական խոշոր պարգեւներ է տրամադրել. Hetq.am

Տպել
Ամենաշատ