News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

«Դեղին բաճկոնների» շարժման կողմնակիցների բողոքի տասներորդ  ցույցն սկսվել է Ֆրանսիայի մայրաքաղաքի VII օկրուգում, Ինվալիդների ամրոցի առջեւ, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Տեղի ժամանակով ժամը 11.30-ին ցույցին մասնակցելու համար մի քանի հարյուր մարդ է հավաքվել, մարդիկ շարունակում են ավելանալ։ Միեւնույն ժամանակ, երթի կազմակերպիչները սպասում էին, որ երթին միլիոն մարդ կմասնակցի, ինչի մասին է վկայում խմբի անվանումը Facebook ցանցում՝ «Տասներորդ արար. միլիոն հոգի Փարիզում»։

Հնարավոր է, որ ցուցարարների թվաքանակի վրա ազդեցություն է ունեցել եղանակը. շաբաթ առավոտյան Ֆրանսիայի մայրաքաղաքում ջերմաստիճանը 0-ից ցածր էր, իսկ ցերեկը օդերեւութաբանները ձյուն են խոստացել։

Առայժմ ցույցը հանգիստ մթնոլորտում է ընթանում. մարդիկ  քայլում են այս ու այն կողմ՝ բացականչելով կարգախոսներ ֆրանսիական իշխանությունների դեմ, սուլում են սուլիչներով, երգեր երգում եւ դրոշներ թափահարում։

Սոցցանցերում հայտնված ազդի համաձայն՝ ցույցի մասնակիցները մտադիր են հարգել «դեղին բաճկոնների» շարժման զոհված կողմնակիցների հիշատակը եւ աջակցել տուժածներին։ Դրա համար ցուցարարներին առաջարկվել է վերցնել ծաղիկ կամ մոմ։ Նախատեսված է նաեւ լռության րոպե։

Քաղաքում կարգուկանոնի ապահովման համար մոբիլիզացվել է իրավապահ մարմինների հինգ հազար աշխատակից, Փարիզի փողոցներ է դուրս բերվել զրահատեխնիկայի ութ միավոր։ Երկնքում ուղղաթիռներ են պտտվում։

Երթի անցկացման վայրում մետրոյի երթեւեկը դադարեցվել է մայրաքաղաքի իշխանությունների պահանջով։ Զգալիորեն սահմանափակվել է նաեւ ճանապարհային երթեւեկությունը, մասնավորապես՝ Համաձայնության հրապարակի, Գրան պալեի ու Ալեքսանդր III կամրջի մոտակայքում։ Անցորդները եւ զբոսաշրջիկները ստիպված են շրջանցել ոստիկանական պատնեշները եւ ժամանակ առ ժամանակ բացատրել իրավապահ մարմինների աշխատակիցներին, թե ուր եւ ինչի համար են գնում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ