News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Երեւանի ավագանու «Լույս» խմբակցությունը  դեռ սպասում է Երեւանի քաղաքապետարանի պատասխանին՝ կապված պարգեւատրումները հրապարակելու հետ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը։

«Ես գրավոր դիմել եմ, որ ինձ տրամադրեն եւ հրապարակեն այդ ցուցակը, իրենք պատասխանել են, որ սպասում են Արդարադատության նախարարության պատասխանին՝ անձնական տվյալների պաշտպանության բյուրոյից։ Եթե ասեն՝ խախտում չի, հրապարակեք, կհրապարակեն, եթե ասեն մի հրապարակեք, չեն հրապարակի։ Մենք սպասում ենք դրա պատասխանին»,–ասաց Խաժակյանը։

Նրա խոսքով՝ Կոտայքի եւ Արմավիրի մարզպետները հրապարակել են պարգեւատրումների ցուցակը եւ դա արդեն ցույց է տալիս, որ նրանք օրենք չեն խախտել։

«Ոչ միայն օրենքի խախտում չէ դա, այլ նաեւ օրենքի պահանջ է քաղաքապետի կարգադրության հրապարակումը, ինչ էլ, որ այն պարունակի։ Ես հայտարարել եմ, որ միտում եմ տեսնում չհրապարակման մեջ եւ մի շատ կարեւոր նրբություն կա, որ իմ իրենց ուղղված դիմումից հետո իրենք որոշեցին դիմել անձնական տվյալների պաշտպանության։ Եթե իրենք խնդիրը տեսնեին ի սկզբանե, նախօրոք կդիմեին, որ իմանային՝ հրապարակելու են, թե՝ ոչ։ Հիմա իրենք մեր դիմելուց հետո նոր դիմեցին անձնական տվյալների պաշտպանության բյուրո»,– ասաց նա։

Դավիթ Խաժակյանն ասաց, որ ինքը գուշակում է, թե ինչն է պարգեւավճարները չհրապարակելու պատճառը. «Այդ թիվը բազմապատիկ շատ է լինելու, քան մարզպետների հրապարակած թիվը, քանի որ Երեւանի բյուջեն ավելի մեծ է եւ բնականաբար թիվը շատ ավելի մեծ է լինելու։ Այդ հայեցողության դաշտը թողել առանց հանրային վերահսկողության, դա, իհարկե, հետընթաց է»։

Նշենք, որ Երեւանի ավագանու  «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը հայտարարել է, որ պարգեւավճարումների մասին կարգադրությունը չհրապարակելու դեպքում քաղաքապետի գործողությունը իրենք կվիճարկեն դատարանում։

Տպել
Ամենաշատ