News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ուսուցիչների համար հատուկ էթիկայի նորմերը կամ վարքականոնը, որը ներկայացված է հանրային քննարկման, նոր երեւույթ չէ եւ նոր նախագիծ չէ: Այս մասին այսօր՝ հունվարի 21-ին, «ԿԳՆ-ն կանոնակարգում է ուսուցչի վարքը․ ի՞նչ կարող է անել եւ ի՞նչ չի կարող անել մանկավարժը» թեմայով քննարկման ժամանակ ասաց ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության նախադպրոցական եւ միջնակարգ կրթության քաղաքականության մշակման եւ վերլուծության բաժնի պետ Սյուզաննա Մակյանը։

Նրա խոսքով, դեռեւս 2014 թվականին «Դպրոց կենտրոնների միությունը» նախաձեռնել էր սա եւ այն վաղուց ներդրված է դպրոցներում. «Չեմ կարող ասել, որ բոլոր դպրոցներում այն գործում է այնպես, ինչպես պետք է գործի, բայց բոլոր դեպքերում, մենք ունենք դպրոցներ, որոնք այս նորմերով առաջնորդվում են, ուսուցիչ-աշակերտ հարաբերությունները այս նորմերով կարգավորվում են»:

Մակյանը նշեց, որ այս նախաձեռնության հիմնական նպատակը հակակոռուպցիոն ծրագրի սահմաններում մեզ համար պարտադիր դարձած կետի ամրագրման կատարումն էր. «Գիտեք, որ կառավարությունն ամեն տարի ունենում է հակակոռուպցիոն ռազմավարական ծրագիր: 2018-ի համար սահմանված էր, որ պետք է ուսուցչի էթիկայի նորմեր լինեն, որտեղ հատկապես պետք է ամրագրված լինի, որ ուսուցիչը չի կարող դասավանդած դասարանում իր աշակերտի հետ լրացուցիչ պարապմունք իրականացնել, եթե դա դառնում է կոնկրետ պարտադիր եւ ուսումնական ծրագրի կրկնուսուցում»,-ընդգծեց Սյուզաննա Մակյանը:

նա նշեց, որ տարիներ շարունակ կրթության ոլորտում բազմաթիվ հետազոտություններ են անցկացվել, գնահատվել են ուսուցիչ-աշակերտ փոխհարաբերությունները եւ որպես գնահատման թերի կողմ նշվել է, որ ուսուցիչը միշտ չէ, որ տալիս է այն, ինչը պետք է տա.«Արդյոք ճիշտ է գնահատում երեխային եւ անպայման այնպես է անում, որ երեխան լրացուցիչ պարապի իր մոտ, որպեսզի ինքը իր սոցիալական հարցերը լուծել։ Այդ մեղադրանքները միշտ կան, եւ այս նոր էթիկայի նորմերը լավ հնարավորություն են, որ ուսուցիչներն այդ մեղադրանքներից  ազատվեն»:

Մակյանը կարծիք հայտնեց, որ սա հնարավորություն կտա բարելավել գնահատման որակը, քանի որ այդպիսի պրակտիկա կիրառող ուսուցիչները զրկվելով դրա հնարավորությունից, ստիպված կլինեն իրենց դասավանդման որակն ապահովելու համար դասարանում անելու են ամեն ինչ եւ մենք զերծ ենք մնալու այդպիսի մեղադրանքներից:

Հարցին, թե ինչպես են վերահսկելու, որ ուսուցիչը պահպանի այդ վարքականոնը, Մակյանը պատասխանեց. «Ծնողներն իրենց հերթին են ահազանգելու, տեսչական մարմինն իր հերթին պետք է զգոն լինի»:

Նա ընդգծեց, որ հմաձայն է սոցիալական ցանցերում հնչող տեսակետներին, որ կրթության ոլորտը բազմաթիվ այլ ավելի հրատապ խնդիրներ ունի լուծելու. «Այո, մենք շատ հարցեր ունենք բաց, որոնք պետք է շատ արագ լուծենք, բայց ուսուցիչ-աշակերտ հարաբերությունները դպրոցում ամենօր են տեղի ունենում եւ սպասել՝ ասելով, հիմա ավելի հրատապ հարցեր կան, դա այնքան էլ արդարացված չէ»:

Տպել
Ամենաշատ