News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Կոտայքի մարզի Արտավազ համայնքի Փյունիկի դպրոցին այլեւս չի սպառնում փակվելու վտանգը. ավելին՝ այստեղ մարզպետարանի հատկացումներով նախատեսվում են տանիքի վերանորոգման եւ խաղահրապարակի կառուցման լայնածավալ աշխատանքներ:

Կոտայքի մարզպետարանից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ կառավարության 2017 թվականի օգոստոսի 24-ի N1039-Ա որոշման 1-ին եւ 5-րդ կետերով նախատեսվել էր «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված՝ ՀՀ սեփականությունը հանդիսացող՝ Կոտայքի մարզի Արտավազ համայնքի Փյունիկ գյուղում գտնվող դպրոցի շենքը՝ հարակից շինություններով եւ հողատարածքով, հետ վերցնել «ՀՀ Կոտայքի մարզի Փյունիկի միջնակարգ դպրոց» պետական ոչ առեւտրային կազմակերպությունից, իսկ Կոտայքի նախկին մարզպետը հանձն էր առնում երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարությանը ներկայացնել առաջարկություն գույքի հետագա տնօրինման վերաբերյալ:

Փյունիկի միջնակարգ դպրոցի փակման գործընթացը պետք է մեկնարկեր 2018 թվականի հունիսի 1-ից, սակայն նոր Կառավարության ձեւավորումից  հետո՝ 2018 թվականի հունիսի 1-ի N628-Ա որոշմամբ՝ Կառավարությունը որոշեց ուժը կորցրած ճանաչել 2017 թվականի օգոստոսի 24-ի որոշումը, ինչի արդյունքում Փյունիկի միջնակարգ դպրոցը շարունակում է իր բնականոն գործունեությունը մինչ օրս:

Կոտայքի մարզպետարանում ունեցած մի շարք քննարկումների արդյունքում օրերս պայմանավորվածություն է ձեռք բերվել մարզպետարանի կողմից այս դպրոցին հատկացնել մոտ 5 միլիոն դրամ՝ տանիքի եւ սանհանգույցի վերանորոգման եւ բակում ժամանակին որպես ֆուտբոլի խաղադաշտ ծառայած հողատարածքում խաղահրապարակ կառուցելու համար: Հարկ է նշել, որ համայնքում մանկական խաղահրապարակ առհասարակ չկա, ինչի մասին համայնքի բնակիչները եւս պարբերաբար բարձրաձայնել են, ուստի խնդիրն առանձնահատուկ կարեւորություն ուներ եւ՛ դպրոցի, եւ՛ համայնքի համար:

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն ի պաշտոնե արդեն բազմիցս հայտարարել է, որ այսուհետ որեւէ դպրոց որեւէ պաշտոնյայի կամայական հայեցողությամբ չի կարող փակվել, դրանք պետք է վերականգնվեն, նորոգվեն եւ աշակերտներին ապահովեն ոչ միայն բարձր որակի կրթությամբ, այլեւ ապահովեն կրթության համար նպաստավոր միջավայր եւ պայմաններ:

Տպել
Ամենաշատ