Չնայած այն բանին, որ Հայաստանում նախընտրական քարոզչության համար կուսակցությունները սահմանափակ ժամանակ էին ունեցել, արտահերթ ընտրությունները կազմակերպված էին արդյունավետ։ Այս մասին Եվրոպական խորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովի նիստում հայտարարել է ընտրություններում Եվրախորհրդարանից դիտորդական առաքելության ղեկավար Հայդի Հաուտալան։
Այնուամենայնիվ, նա մատնանշել է համացանցում սադրիչ հռետորաբանությունը, որը մտահոգիչ էր։ «Հարցերը, որոնք մենք դիտարկել ենք որպես խնդրահարույց, ներառում էին քարոզարշավների ֆինանսավորումը, քաղաքացիության պահանջները, ընտրացուցակների կառավարումը եւ քաղաքականության մեջ կանանց մասնակցության ակտիվացման անհրաժեշտությունը»,- հայտարարել է նա՝ տեղեկացնելով դիտորդական առաքելության մասին։ Հայդի Հաուտալան բարձր է գնահատել ընտրական գործընթացում քաղաքացիական հասարակության մասնակցությունը եւ մատնանշել է ընտրական գործընթացի հանդեպ հասարակական մեծ վստահությունը։
«Բարեփոխումների եւ կյանքի պայմանների բարելավման հանդեպ ակնկալիքները մեծ են»,- նշել է նա։ Եվրախորհրդարանի պատգամավորը հայտարարել է, որ վերջին մի քանի ամիսներին Հայաստանը կարեւոր տեղ է զբաղեցրել ԵՄ օրակարգի արտաքին հարաբերությունների օրակարգում, ինչպես նաեւ հիշեցրել է ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ համընդգրկուն եւ ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի նախնական ուժի մեջ մտնելու մասին։ «Եթե Հայաստանը անհրաժեշտ բարեփոխումների հետագա աջակցության կարիք ունենա, մենք պետք է պատրաստ լինենք ԵՄ-Հայաստան հարաբերությունների խորացման գործում նրան մեծ օգնություն տրամադրել»,- ընդգծել է նա։ Ամփոփելով իր զեկույցը՝ Հաուտալան նշել է, թե «մենք կարող ենք հետեւություն անել, որ ընտրությունների արդյունքները, իրոք, արտահայտում էին ժողովրդի կամքը, այն դեպքում, երբ 2017թ․ ապրիլին դա այդպես չէր»։