News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 26
Տեսնել լրահոսը

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ՀՀ որոշ մարզպետերի կողմից իրենց և մարզպետարանների աշխատակիցներին պարգևավճարներ տրամադրելու մասին տեղեկություններին։

Նա, մասնավորապես, նշել է.

«Հետայսու թող «Իմ քայլի» բոլոր պաշտոնյաները, ղեկավարությունը եւ ներկայացուցիչները, երբ որեւէ բան՝ պարգեւավճար, թե ինչ, մեկնաբանեն «օրենքով արգելված չէ» եզրույթով, միշտ հիշեն, որ իրենց ցանկացած քայլ պետք է համապատասխանի նաեւ դաշինքի հռչակած կարգախոսի տրամաբանությանը՝ «Երջանիկ անհատ, հոգատար հանրություն, հզոր պետություն»:

Քանի դեռ հասարակությանդ զգալի մասն աղքատ է, երկրում սոված ու թերսնված երեխաներ կան, անհետաձգելի կամ պահանջվող բուժման կարոտ հիվանդներ կան, բազում մարդկանց աշխատավարձը միջինից ցածր է, բազում մարդիկ էլ իսպառ աշխատանք չունեն ու այսպես շարունակ, մարզպետով-տեղակալով, նախարարով-պատգամավորով, որ մի քանի հարյուր հազար դրամ աշխատավարձ են ստանում, տրտնջալու իրավունք չունեն:

Այդ պաշտոններում աշխատելիս ոչ մեկ ազգին մեծահոգություն չի անում, որ ազգն էլ խրախուսի, իրեն երջանիկ զգա, որ պաշտոնյաներն ինքզինք խրախուսում են: Ոչ թե հանրությունը պետք է հոգատար լինի պաշտոնյաների նկատմամբ, այլ հակառակը:

Թող հիշեն նաեւ, որ չկոռումպացված լինելը պարտականություն ու օրենքի պահանջ է, ու այդպիսին լինելը հավելյալ, օրինակ՝ ինքն իրեն կամ մտերիմներին պարգեւատրելու իրավունքներ չի ստեղծում: Որեւէ ծախսային մասում խնայողություն անելը չի նշանակում, թե խնայված գումարների հաշվին իրավունք ունեն թանկ իր կամ ծառայություն գնել կամ ինքզինք պարգեւատրել:

Ամենակարեւորը, մինչեւ վերոնշյալ ծանր խնդիրների լուծումը բոլորը պետք է ապրեն ու աշխատենք համեստ, անտրտունջ՝ ստեղծելու համար «Երջանիկ անհատ, հոգատար հանրություն, հզոր պետություն»: Օրենքները միգուցե չեն արգելում շատ բան, բայց սեփական խոստումը, ծրագրերն ու կարգախոսը ահագին բան արգելում են ու դեռ արգելելու են:

Թե բա՝ անհարկի աղմուկ էր. աղմուկ էր հռչակված կարգախոսից շեղումը զգալու ու նկատելու պատճառով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել