News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ներկայումս Հայաստան-ԵՄ համաձայնագիրը վավերացրել է ԵՄ անդամ 10 պետություն. ակնկալվում է, որ առաջիկայում վավերացումների ցանկը կհամալրվի: Այս մասին «Արմենպրեսին» տված հարցազրույցում նշել է ԵՄ-ում Հայաստանի առաքելության ղեկավար Թաթուլ Մարգարյանը:

Նրա խոսքով, սա ժամանակատար գործընթաց է. օրինակ՝ Վրաստանի պարագայում համաձայնագիրը ուժի մեջ է մտել ստորագրումից երկու տարի անց, որը համարվում է ռեկորդային կարճ ժամկետ, մինչդեռ Ուկրաինայի պարագայում այն պահանջել է երեք տարի:

«Առաջնայինը, անշուշտ, Համաձայնագրի իրականացումն է, որի առումով չափազանց կարեւոր էր 2018թ. հունիսի 1-ից դրա ժամանակավոր կիրառման մեկնարկը: Հատկանշական է, որ ժամանակավոր կիրառումը տարածվում է Համաձայնագրի բացարձակ գերակշիռ մասի վրա: Հետեւաբար` արդեն այսօր առկա է Համաձայնագրի դրույթների իրականացման համար հսկայական դաշտ, որին էլ ներկայումս ուղղված են երկուստեք ջանքերը:

Համաձայնագրի դրույթների կյանքի կոչման առումով մեծ կարեւորություն է ներկայացնում ՀԸԳՀ կիրարկման  Ճանապարհային քարտեզը: Այն հիմնարար փաստաթուղթ է, որը, կարելի է ասել, գործնական, կիրառելի լեզվի է թարգմանում համաձայնագրի հռչակագրային եւ ընդհանուր իրավական դրույթները, ձեւակերպում է կոնկրետ խնդիրներ եւ նշում դրանց իրականացման համար պատասխանատու գերատեսչությունները եւ ստորաբաժանումները, սահմանում է խելամիտ ժամկետներ, մատնացույց անում Համաձայնագրի իրականացման համար ֆինանսական աղբյուրները, մասնավորապես՝ նշված ծրագրերին ԵՄ ակնկալվող օժանդակությունը»,-ասաց Մարգարյանը:

Նա ընդգծեց, որ Ճանապարհային քարտեզի նախագիծը մանրակրկիտ աշխատանքի արդյունքում ձեւավորված փաստաթուղթ է, որը ոչ միայն ենթադրում է տարբեր ուղղություններով բարեփոխումների եւ նպատակների սահմանում, այլեւ, դրանց արդյունավետ համադրումն ու զուգորդումը ՀՀ կառավարության առաջնայնությունների եւ հայտարարված քաղաքականության համատեքստում:

«Ճանապարհային քարտեզի նախագծի մշակման եւ Համաձայնագրից բխող կետերի իրագործման հարցում մեծ է 2018թ. հուլիսի 2-ին ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված եւ փոխվարչապետի ղեկավարության ներքո գործող ՀԸԳՀ եւ Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ Գործընկերության առաջնայնությունների փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի դերը, որն այդ նպատակով պարբերական հանդիպումներ է ունենում: Այդ գործընթացում մեծապես կարեւորվում է նաեւ քաղաքացիական հասարակության դերը:

Հարկ է նշել, որ վերոնշյալ հանձնաժողովի համակարգմամբ մշակված ճանապարհային քարտեզի նախագիծը տրամադրվել է եվրոպական կողմին 2018թ. նոյեմբերին: Նախագծի վերաբերյալ ԵՄ-ն իր բարձր գնահատականն է հայտնել, այդ թվում նաեւ 2018թ. նոյեմբերի 27-ին Երեւանում կայացած ՀՀ-ԵՄ Գործընկերության կոմիտեի նիստի շրջանակներում ընդունված համատեղ հաղորդագրության մեջ, որում ասվում է, որ այն լավ մեկնարկ է Համաձայնագրի իրականացման համար: Ճանապարհային քարտեզի վերջնականացման գործընթացը ներկայումս շարունակվում է ԵՄ կողմից առաջարկված ժամանակացույցի համապատասխան, որի համաձայն ԵՄ արձագանքները եւ առաջարկությունները կստացվեն մինչեւ հունվար ամսվա վերջ:

Կարեւոր է նշել նաեւ, որ առաջարկվող ճանապարհային քարտեզի նախագիծն ընդգրկում է ոչ միայն ժամանակավոր կիրառման տակ ընկնող Համաձայնագրի հատվածները, այլեւ երկուստեք համաձայնությամբ, նաեւ այն մասերը, որոնք ուժի մեջ կմտնեն միայն դրա ամբողջական կիրարկումից հետո: Ինչպես տեսնում եք, մինչեւ Համաձայնագրի ամբողջական ուժի մեջ մտնելը, դրա կիրարկմանն ուղղված աշխատանքներն արդեն իսկ ընթանում են ամբողջ ծավալով:

ՀՀ-ԵՄ համագործակցության տեսլականի համար եւ որպես ՀԸԳՀ-ին փոխլրացնող փաստաթուղթ մեծ նշանակություն ունի նաեւ ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնահերթությունների մասին փաստաթղթի ստորագրումը 2018թ. սկզբին: Այն մինչեւ 2020թ. առանցքային նշանակություն ունեցող փաստաթուղթ է Հայաստան-Եվրամիություն համագործակցության առաջնայնությունների, ինչպես նաեւ ԵՄ կողմից Հայաստանին ցուցաբերվելիք աջակցության տեսանկյունից: Հարկ է նշել, որ Արեւելյան գործընկերության երկրների շարքում Հայաստանն առաջին պետությունն է, որ ավարտել է այս փաստաթղթի համաձայնեցումը:

ՀՀ-ԵՄ հարաբերությունների իրավապայմանագրային դաշտի հարստացման տեսանկյունից հարկ է նշել նաեւ 2018թ. մարտին ստորագրված «ՀՀ կառավարության եւ Եվրոպական Հանձնաժողովի միջեւ՝ մշակութային եւ ստեղծագործ ոլորտների համար Միության «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին ՀՀ մասնակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը», որը ՀՀ Ազգային Ժողովը վավերացրել է 2018թ. հուլիսի 11-ին: Այն ընդարձակ հնարավորություններ է ստեղծում հայաստանյան ստեղծագործողների համար»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զախարովան Կանադայի միանալու մասին. ԱՄՆ-ը ցանկանում է ՆԱՏՕ-ի ուժերը տարածաշրջան ներքաշել ԵՄ առաքելության միջոցով
Ինչպես հասկանում ենք, Օտտավայի՝ ԵՄ առաքելությանը միանալու հարցն արդեն անցել է գործնական հարթություն
Լիտվան պատրաստ է աջակցել Հայաստանին ԵՄ-ի հետ հարաբերությունների սերտացման հարցում. Ինգրիդա Շիմոնիտեն՝ Ալեն Սիմոնյանին
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի վարչապետը քննարկել են անվտանգային և տնտեսական իրավիճակն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Բորելը և Վարհելին կոչ են արել Վրաստանին ձեռնպահ մնալ ԵՄ անդամակցությունը վտանգող օրենքների ընդունումից
Սա շատ մտահոգիչ իրադարձություն է, և այս օրենքի վերջնական ընդունումը բացասաբար կանդրադառնա...
Հայաստանն, ըստ նախնական համաձայնության, առաջին անգամ օգնություն կստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից
Բրյուսելում նախնական համաձայնություն է ձեռք բերվել Եվրամիության...
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին եւ գնահատել նրա ջանքերը
Վեհափառ Հայրապետն իր մտահոգությունը հայտնեց առկա լարվածության...
Ամենաշատ