News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Գեներալ Մանվել Գրիգորյանի պաշտպանների համար կանխատեսելի էր Գրիգորյանին կրկին կալանավորելու դատարանի որոշումը։ Այս մասին այսօր՝ հունվարի 22-ին, «Երևան–Կենտրոն» ՔԿՀ–ի շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց Գրիգորյանի պաշտպաններից Արսեն Մկրտչյանը։

«Որոշումը կանխատեսելի էր՝ պայմանավորված նախագահող դատավարի անձով, հաշվի առնելով այն, որ երկու անգամ դատավորին բացարկ հայտնեցինք, սակայն նա մերժեց մեր միջնորդությունները»,- ասաց նա։

Փաստաբանը նկատեց, որ Մանվել Գրիգորյանը, տեղեկանալով դատարանի որոշման մասին ինքնակամ է ներկայացել կալանավայր։

«Մանվել Գրիգորյանին կալանավորելու որևէ հիմք չկար, բայց գլխավոր դատախազն ու ցուցարարներն այլ կերպ են մտածում. այն ենթադրությունը, որ նա կխոչընդոտի գործի քննությանը, այլևս կյանք չունի, քանի որ նա, որոշ ժամանակ մնալով ազատության մեջ, ցույց տվեց հակառակը»,–ասաց նա։

Ըստ փաստաբանի՝ դատարանի այս որոշումը կուրախացնի հարևան Ադրբեջանին.

«Հարևան երկրում շատ կուրախանան այս որոշումից, Արցախի հերոսի կալանավորումը, որպես փաստ շատ դուր կգա նրանց, դա նրանց լոբբինգի համար լավ նվեր էր»,– ասաց նա։

Պաշտպանը չբացառեց, որ դատարանի որոշումն ուսումնասիրելուց հետո Գրիգորյանի հարցով գանգատ ներկայացնեն ՄԻԵԴ։

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանը բավարարել է ՀՀ գլխավոր դատախազության բողոքն ու որոշում կայացրել կրկին կալանավորել Մանվել Գրիգորյանին։ Դատարանը միևնույն ժամանակ մերժել է պաշտպանական կողմի ներկայացրած՝ Գրիգորյանի նկատմամբ գրավը թույլատրելի ճանաչելու դատարանի որոշումը։

Նշենք, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը դեկտեմբերի 21–ին որոշում է կայացրել 25 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակել գեներալ Մանվել Գրիգորյանին։ Այս որոշումը դատախազությունը բողոքարկել էր Վերաքննիչ քրեական դատարանում։

Մանվել Գրիգորյանը կալանավորվել է հունիսի 19-ին`Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարինե Մելքոնյանի որոշմամբ: Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու եւ նրա կնոջ` Նազիկ Ամիրյանի, դստեր` Այծեմնիկ Գրիգորյանի, Էջմիածին քաղաքի բնակիչներ Սեյրան Ազարյանի, Արմեն Հակոբյանի եւ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ իրեն պատկանող առանձնատներում պահելու համար, ինչպես նաեւ՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափի ուրիշի գույք հափշտակելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ