News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսում Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում այսօր՝ հունվարի 22-ին  հանդիպում է ունեցել Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի նախագահ Սումանտրա Չակրաբարտիի հետ:

Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել ՀՀ կառավարության եւ ՎԶԵԲ-ի միջեւ համագործակցությունը եւ կարեւորել դրա հետագա ընդլայնումը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՎԶԵԲ ծրագրերը մեծ նշանակություն ունեն կառավարության նախաձեռնած բարեփոխումների եւ տնտեսական զարգացման օրակարգի համար՝ մասնավոր հատվածի մրցունակության խթանման, կապիտալ շուկաների զարգացման, կոշտ թափոնների կառավարման, ջրամատակարարման համակարգի բարելավման, քաղաքային լուսավորության եւ այլ ուղղություններով: Վարչապետը կարեւորել է ՎԶԵԲ-ի կողմից մեր երկրում փոքր եւ միջին բիզնեսի համար ծրագրերի իրականացումը եւ հավելել, որ ՀՀ կառավարության նպատակն է նոր թափ հաղորդել բիզնես ոլորտի զարգացմանն ու ակտիվացմանը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ կառավարության քայլերն ուղղված են տնտեսական հեղափոխություն իրականացնելուն, եւ այդ առումով ՎԶԵԲ-ի հետ ակտիվ ու արդյունավետ համագործակցությունը կարող է մեծ նշանակություն ունենալ:

Սումանտրա Չակրաբարտին ընդգծել է, որ ՎԶԵԲ-ը պատրաստ է շարունակել իր օժանդակությունը ՀՀ կառավարությանը տարբեր ոլորտներում նախատեսվող նախագծերում ու բարեփոխումներում: ՎԶԵԲ նախագահը նշել է, որ մարտ ամսին նախատեսում է այցելել Հայաստան` մեր երկրում տեղի ունեցող փոփոխությունների համատեքստում քննարկելու Հայաստանի հետ համագործակցության նոր ռազմավարությունը, որում մեծ տեղ է հատկացվելու նաեւ ՓՄՁ-ների համար ծրագրերին: Պարոն Չակրաբարտին անձամբ իր եւ ՎԶԵԲ-ի աջակցությունն է հայտնել ՀՀ կառավարությանը` նախաձեռնած բարեփոխումների իրականացման գործում: Նա նշել է, որ այդ աջակցությունը կլինի ինչպես ֆինանսական, այնպես էլ խորհրդատվական:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ