News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

NEWS.am-ի տեղեկություններով՝ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի կարգադրությամբ օրերս աշխատանքից ազատվել է Բյուրավանի միջնակարգ դպրոցի տնօրեն Նվարդ Մելիքյանը։

Տնօրենի ազատման պատճառ են դարձել Բյուրավանի միջնակարգ դպրոցում հունվարի 8-ին մարզպետի կատարված շրջայցի արդյունքում հայտնաբերված թերությունները։

NEWS.am-ի հետ զրույցում Նվարդ Մելիքյանը նշեց, որ մարզպետը շրջայցի ընթացքում արձանագրել է, որ դպրոցում շատ բացականեր կան, մինչդեռ նրա պնդմամբ՝ դպրոցից բացակայել է 38 աշակերտ, որոնք վարակված են եղել գրիպով և ջրծաղիկով, իսկ տարրական դասարանների աշակերտները եղել են արձակուրդում։

«Պարզել են, որ 1-ից 4-րդ դասարանի աշակերտները տեղում չեն եղել, բայց երևի մարզպետը տեղյակ չի եղել, որ տարրական դասարանի աշակարտները մինչև հունվարի 21–ը արձակուրդում են եղել։ Բացակա աշակերտները գրիպով և ջրծաղիկով հիվանդ են եղել, բացի այդ՝ արձակուրդից հետո առաջին օրն է եղել, 4-րդ դասաժամին 10-րդ դասարանում եղել է 8 աշակերտ, ուսուցիչները դասարաններում զբաղվել են բացակաների հարցերով»,- պատմեց նա։

Մարզպետը դժգոհել է նաև դպրոցի ցածր ջերմաստիճանից, մինչդեռ ըստ Մելիքյանի՝ դպրոցում ջեռուցման սալիկներ են տեղադրած, և դասարաններում 18-20 աստիճան ջերմությունն ապահովված է։

Աշխատանքից ազատված տնօրենը հայտնեց, որ հաջորդ օրն անձամբ ներկայացել է մարզպետին և զեկուցել, թե ինչ աշխատանքներ է կատարել թերությունները շտկելու համար։

Տնօրենը պատմեց, որ ամիսներ առաջ էլ իր դեմ մարզպետարան բողոք էր ներկայացրել աշխատանքից ազատված ֆիզկուլտուրայի ուսուցչուհին։

«Այդ ուսուցչուհին ազատվել էր աշխատանքից՝ թոշակային տարիքի լրանալու կապակցությամբ։ Նա անհիմն բողոքներ էր ներկայացրել իմ հասցեին, որոնք սակայն հետագայում հերքվել են»,– ասաց նա։

Մելիքյանի կարծիքով՝ իրեն աշխատանքից ազատելը հնարավոր է պայմանավորված լինի նաև մարզի կրթության բաժնի պետ Ալբերտ Մկրտչյանի գործոնով։

«Ես նկատողություն էի հայտարարել և աշխատանքից ազատել Մկրտչյանի բարեկամին, որ դպրոցում պահակ էր և իր պաշտոնյա ազգականի անունը շահարկելով կարծում էր, թե երբ ցանկանա՝ չի գա աշխատանքի»,- ասաց նա։

NEWS.am-ի հետ զրույցում Արարատի մարզպետարանի կրթության բաժնի պետ Ալբերտ Մկրտչյանը նշեց, որ Նվարդ Մելիքյանն աշխատանքից ազատվել է հունվարի 18–ին մարզպետի կարգադրությամբ ՝ երկու նկատողությունների հիման վրա։

Հունվարի 8-ին Բյուրավանի միջնակարգ դպրոցում մարզպետի կատարած շրջայցի մասին Մկրտչյանն ասաց.

«Այցելության ընթացքում արձանագրվել է, որ դասապրոցեսը խաթարված է, դպրոցում ցածր ջերմային ռեժիմ է, ճաշարանը նախապատրաստված չէ սնունդ տալուն, աշակերտներից ընդամենը մի քանիսն են ներկա, ուսուցչական անձնակազմը ոչ լրիվ կազմով է եղել»,- ասաց նա՝ նշելով, որ հենց այդ հիմքով է դպրոցի տնօրենին նկատողություն տրվել։ Բաժնի պետը նկատեց, որ դպրոցի տնօրենը մեկ տարվա ընթացքում երկրորդ նկատողությունն է ստանում և օրենքի պահանջով նա պետք է ազատվեր աշխատանքից։

Հարցին, թե հնարավո՞ր է Մելիքյանի ազատումը կապ ունի դպրոցի պահակին աշխատանքից ազատելու նրա որոշման հետ, Մկրտչյանը պատասխանեց.

«Պահակն իմ ազգականն է, այդ անձնավորությունը իր աշխատանքային պարտականությունները չի կատարել, որի համար նկատողություն է ստացել և ազատվել աշխատանքից։ Երբ նրանց միջև կոնֆլիկտ է առաջացել, ես դպրոցի տնօրենին ասել եմ, որ դուք գործատուն եք, վարվեք այնպես, ինչպես օրենքն է պահանջում»,– ասաց Մկրտչյանը։

Տպել
Ամենաշատ