Եթե «Հայաստանի կորսված գարունը» ֆիլմն իրականում փաստավավերագրական էր, ապա հեղինակները պարտավոր էին առնվազն ներկայացնել նաև երկրորդ կողմի կարծիքը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ, ԱԺ պատգամավոր Իվետա Տոնոյանը:
Նա, մասնավորապես, գրել է.
«Երեկ՝ հունվարի 22-ին, Հանրային հեռուստաընկերությամբ ցուցադրվեց Տիգրան Պասկեւիչյանի «Հայաստանի կորսված գարունը» փաստավավերագրական ֆիլմը: Ֆիլմի դրվագներից մեկում ցուցադրված էր փաստահավաք խմբի ներկայացրած փաստաթղթերից մեկը, ըստ որի, իբրեւ թե, մարտի 1-ին իշխանությունների կողմից զինվորական հանդերձանք է հատկացվել նաեւ Գագիկ Ծառուկյանի թիկնազորին, եւ որն, իբրեւ թե, մասնակցություն է ունեցել մարտիմեկյան դեպքերին: Այն, որ այս տեղեկությունն իրականության հետ ոչ մի առնչություն չունի, բազմաթիվ անգամներ փաստել է անձամբ Գագիկ Ծառուկյանը:
Եթե ֆիլմն իրականում փաստավավերագրական էր, ապա հեղինակները պարտավոր էին առնվազն ներկայացնել նաեւ երկրորդ կողմի կարծիքը, այլ ոչ թե ազգաբնակչության վճարած հարկերի հաշվին գործունեություն ծավալող Հանրային հեռուստաընկերությամբ բացարձակ ապատեղեկատվություն տարածել:
Ի դեպ, օրերս նույն փաստահավաք խմբի անդամ Անդրանիկ Քոչարյանը եւս, խոսելով այդ փաստաթղթի մասին, նշել է, որ առնվազն տարօրինակ է, որ այդ ցանկում նշված մի քանի տասնյակ անուններից հատկապես առանձնացվում է Գագիկ Ծառուկյանի անունը, ով միակն է, որը խոսել է այդ փաստաթղթի մասին եւ շեշտել, որ որեւէ առնչություն չունի այդ իրադարձությունների հետ, այն դեպքում, երբ մյուսները պարզապես լռում են:
Այն, որ Գագիկ Ծառուկյանը միշտ եղել է ժողովրդի կողքին, այդ մասին դեռեւս 2008 թվականի օգոստոսի 1-ի համարում գրել է անգամ ամենաընդդիմադիր «Հայկական Ժամանակ» օրաթերթը: Կից ներկայացվող նկարում դրանում կարող են համոզվել բոլորը: Ինչեւէ, սա պարզապես վկայում է այն մասին, որ ֆիլմում ներկայացված այդ դրվագը բացարձակ միակողմանի եւ իրականությունը չարտացոլող մեկնաբանություն է, որը անթույլատրելի է պետական միջոցներից սնվող հեռուստաընկերության համար, քանզի այն պարտավոր է համակողմանի եւ փաստարկված տեղեկություն տրամադրել հեռուստադիտողներին:
Իսկ Գագիկ Ծառուկյանը մշտապես հայտարարել եւ հայտարարում է՝ այն մարդիկ, որոնք կապ ունեն մարտի 1-ի դեպքերի հետ, պետք է խստագույնս պատժվեն, իսկ մարդկանց վրա չհիմնավորված ցեխ շպրտողները, եւ ուղղորդված կեղծ տեղեկատվության միջոցով հանրությանը թյուրիմացության մեջ գցողներն էլ օրենքով սահմանված կարգով սուտ մատնության համար պետք է պատասխանատվության ենթարկվեն»: