Հունվարի 23–ին Ազգային պոլիտեխնիկական համալսարանի Հոգաբարձուների խորհրդի նիստին Հովիկ Մուսայելյանը միաձայն նախագահ է ընտրվել։ Նա այս պաշտոնում առաջադրված միակ թեկնածուն էր։
Մուսաելյանը տեխնիկական գիտությունների թեկնածու է, 2004 թվականից Synopsys Armenia–ի գործադիր տնօրենի պաշտոնն է զբաղեցնում։
Ելույթում Հովիկ Մուսաելյանն ընդգծեց իր կապը Ազգային պոլիտեխնիկական համալսարանի հետ՝ նշելով, որ ամեն ինչ կանի բուհի հեղինակությունն ավելի շատ բարձրացնելու համար։
«Բուհի ամենագլխավոր խնդիրներից է պրոֆեսորադասախոսական կազմի վերապատրաստումը, ինչպես նաեւ աշխատանքին երիտասարդ մասնագետների ներգարվումը։
Հաշվի առնելով, որ առաջիկա տարիներին համալսարանի խնդիրների լուծման հարցում պետության մասնակցությունը փոքր կլինի, պետք է մասնավոր հատվածի հետ համագործակցությունը ակտիվացնել։ Նույնը վերաբերում է նյութատեխնիկական բազայի բարելավմանը։
Եթե մասնավոր հատվածը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում որակյալ կադրերի կարիք ունի, ապա պետք է ակտիվ մասնակցություն ունենա նրանց նախապատրաստմանը», -իր ելույթում նշեց Հովիկ Մուսայելյանը։