News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Վերջին օրերին ակտիվ քննարկվում է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրենց աշխատողներին տրամադրած պարգեւատրումների վերաբերյալ տեղեկությունները անձնավորված ձեւով հրապարակելու կամ չհրապարակելու իրավաչափության վերաբերյալ հարցը: Ընդ որում, ի թիվս այլնի՝ հարցը քննարկվում է նաեւ աշխատողների անձնական տվյալների պաշտպանության տեսանկյունից:

Ելնելով վերոգրյալից եւ հիմնվելով «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքով սահմանված՝ խորհդատվություն տալու եւ տվյալների մշակման լավագույն փորձի մասին իրազեկելու ՀՀ ԱՆ Անձնական տվյալների պաշտպանության գործակալության լիազորությունից՝ հարկ ենք համարում ներկայացնել աշխատողների անձնական տվյալներն այլ անձանց փոխանցելու (Օրենքի իմաստով անձնական տվյալների փոխանցում է համարվում ինչպես այլ անձանց տրամադրելը, այնպես էլ անձնական տվյալները հրապարակելը) վերաբերյալ գործող օրենսդրության կարգավորումները:

Այսպես, նախ հարկ է նշել, որ աշխատողին տրամադրվող պարգեւատրումների հարցը գտնվում է աշխատող-գործատու հարաբերությունների շրջանակում, հետեւաբար գործ ունենք աշխատանքային հարաբերությունների եւ աշխատողի անձնական տվյալների հետ:

Իր հերթին «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքը  սահմանում է անձնական տվյալների մշակման ընդհանուր սկզբունքները եւ կանոնները: Ուստի, «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքից բացի անհրաժեշտ է խնդրո առարկա հարցը դիտարկել նաեւ աշխատողների անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ ՀՀ աշխատանքային օրենսգրքի կարգավորումների լույսի ներքո:

«Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի համաձայն՝ անձնական տվյալներն օրինական մշակելու հիմքերից են ինչպես անձի համաձայնությունը, այնպես էլ այլ օրենքներով ուղղակիորեն նախատեսված լինելը:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 134-րդ հոդվածի համաձայն՝ «Աշխատողի անձնական տվյալները փոխանցելիս գործատուն պարտավոր է պահպանել հետեւյալ պահանջները.

1) աշխատողի անձնական տվյալները չհայտնել երրորդ անձանց` առանց աշխատողի գրավոր համաձայնության, բացառությամբ այն դեպքերի, երբ դա անհրաժեշտ է աշխատողի կյանքին եւ առողջությանը սպառնացող վտանգը կանխելու համար, ինչպես նաեւ օրենքով նախատեսված այլ դեպքերում. (...)»:

Վերոնշյալից բխում է, որ որպես ընդհանուր կանոն՝ աշխատողի անձնական տվյալները այլ անձանց փոխանցելիս, այդ թվում՝ հրապարակելիս, գործատուն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 134-րդ հոդվածի պահանջին համապատասխան պետք է առաջնորդվի աշխատողի կամահայտնությամբ եւ առանց նրա գրավոր համաձայնության նրա տվյալները չփոխանցի այլ անձանց, բացառությամբ եթե այլ օրենքներով այլ բան է նախատեսված:

Արդյունքում, օրենսգիրքը չի սահմանում միմիայն աշխատողի գրավոր համաձայնությամբ նրա անձնական տվյալները հրապարակելու իմպերատիվ կանոն, այլ թույլ է տալիս բացառություն, այն է՝ առանց աշխատողի համաձայնության նրա անձնական տվյալների հրապարակումը թույլատրվում է, եթե նախատեսված է օրենքով եւ հակառակը՝ եթե որեւէ օրենքով սահմանված չէ աշխատողի անձնական տվյալների հրապարակումը, ապա պետք է առաջնորդվել նրա համաձայնությամբ:

Հաշվի առնելով քննարկվող հարցի հասարակական հնչեղությունը՝ հարկ ենք համարում նաեւ ընդգծել, որ Անձնական տվյալների պաշտպանության գործակալության կողմից աշխատավարձերի եւ պարգեւավճարների վերաբերյալ տարբեր մարմիններին տրված խորհրդատվությունները վերաբերում են աշխատողի անձնական տվյալների մշակման ընդհանուր կանոններին եւ չեն կարող մեկնաբանվել որպես քննարկվող որեւէ դեպքում տվյալների հրապարակման կամ չհրապարակման իրավաչափության վերաբերյալ եզրակացություն (Գործակալությունը անձնական տվյալների մշակման իրավաչափությունը քննում է վարույթի շրջանակներում, իսկ քննարկվող որեւէ դեպքի կապակցությամբ հարուցված վարույթ չկա):

Յուրաքանչյուր կոնկրետ դեպքում կախված գործատուի կարգավիճակից, աշխատողի կարգավիճակից, աշխատողի տվյալները պահանջողի կարգավիճակից կամ փոխանցման դեպքից՝ պետք է վերհանել վերաբերելի օրենսդրությունը եւ պարզել՝ արդյոք տվյալ դեպքում օրենքով սահմանված է գործատուի իրավունքը կամ պարտականությունը հրապարակելու աշխատողի անձնական տվյալները, թե սահմանված չէ եւ պետք է առաջնորդվել աշխատողի համաձայնությամբ:

Տպել
Ամենաշատ