Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ Հայաստանում մամուլն ավելի ազատ է, քան երբեւէ, սակայն նա վստահ է, որ լրագրողները նրա հետ համաձայն չեն։
«Ոչ բոլոր լրագրողներն են ինձ հետ համաձայն, սակայն ես կարող եմ պնդել իմ ասածը։ Այնուամենայնիվ, ես նորմալ եմ համարում, որ կառավարության եւ մամուլի հարաբերություններում պետք է որոշակի լարվածություն լինի»,– Դավոսում Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում՝ «Ժողովրդավարության ապագայի ձեւավորում» քննարկմանն ասել է նա։
Միեւնույն ժամանակ Փաշինյանն ընդգծել է, որ պետական պաշտոնատար անձանց եւ կազմակերպություննների գործունեությունում լիարժեք թափանցիկությունը, նրանց աշխատանքի բոլոր մանրուքների իմացությունը կարող է մասամբ պատասխանատու լինել քաղաքական գործիչների նկատմամբ վստահության նվազեցման համար։
Խոսելով սոցցանցերի մասին՝ Փաշինյանը նշել է, որ Հայաստանում հեղափոխությունն իրականացվել է սոցցանցերի միջոցով եւ նա շարունակում է Facebook–ի իր էջում ուղիղ հեռարձակումներ անել, ինչի համար իրեն քննադատում են։
Վարչապետը նաեւ անդրադարձել է կեղծ լուրերի խնդրին եւ այն հարցին, թե ինչպես այն կարող է ազդել ընտրութունների արդյունքների վրա։
«Երբ մեծամասնություն կա, կեղծ լուրերը խնդիր չեն։ Սակայն, երբ թեկնածուների միջեւ թվերի փոքր տարբերություն կա, դա խնդիր է։ Հնարավոր է, որ մեկ կամ երկու կեղծ հոդվածներն ազդել են արդյունքների վրա», - նշել է Փաշինյանը։
Վարչապետը հիշեցրել է, որ Հայաստանը ազատ համացանցով երկիր է կոչվել, հավելելով, որ միեւնույն ժամանակ ազատ համացանցը մարտահրավեր է, քանի որ նա կեղծ նորությունների համար ահռելի դաշտ է բացում եւ իհարկե դա ազդում է Հայաստանում եւ ամբողջ աշխարհում իրողությունների վրա։