News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Ճանապարհային ոստիկանությունում կառուցվածքային փոփոխություններին հետո կընդլայնվեն ճանապարհային ոստիկանների գործառույթները։ Այս մասին այսօր՝ հունվարի 23-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, նախկին ՃՈ պետի տեղակալ Արմեն Խաչատրյանը։

«Ճանապարհային ոստիկանությունում կառուցվածքային փոփոխությունները պայմանավորված են ՃՈ գործառութային պարտականությունների սահմանների ավելացմամբ։ Այսինքն՝ Ճանապարհային ոստիկանության հիմքի վրա նախատեսվում է ստեղծել հասարակական անվտանգության ոստիկանություն, որը կարձագանքի ոչ միայն ճանապարհային երթեւեկության անվտանգության հիմնախնդիրներին, իրավախախտումներին, այլ նաեւ մյուս իրավախախտումներին եւ ստուգում պահանջող հանցագործության դեպքերին»,– նշեց նա։

Պատգամավորի խոսքով՝ ներկայումս այս ուղղությամբ ակտիվ աշխատանք է տարվում, ուսումնասիրվել է միջազգային փորձը եւ հատկապես Վրաստանի Հանրապետության փորձը. «Վրաստանում բավականին լավ արդյունքներ կան այս ուղղությամբ, իհարկե ամբողջովին վրացական տարբերակը չի կիրառվելու Հայաստանի Հանրապետությունում, քանի որ այստեղ մենք ունենք տեղական խնդիրներ, որոշակի առանձնահատկություններ, ինչը հաշվի առնելով՝ մենք կունենանք մեր պարեկային ոստիկանությունը»։

Արմեն Խաչատրյանի փոխանցմամբ՝ նախատեսվող փոփոխություններից հետո պարեկը՝ ոստիկանը, կարձագանքի բոլոր իրավախախտումների դեպքերին՝ կլինի հասարակական կարգի խախտում, ընտանեկան վեճ, ծեծ, գողություն։

«Նրանց գործառույթների մեջ կմտնի երթեւեկության կանոններին հետեւելը, սակայն դրանց կավելացվի նաեւ նշյալ գործառույթները»,– նշեց նա։

ՃՈ պետի նախկին տեղակալը, սակայն, հավելեց, որ ՃՈ ուժերն ու միջոցները բավարար չեն իրենց առջեւ դրված խնդիրները լուծելու համար, այդ է պատճառը, որ առաջիկայում նախատեսվում է ավելացնել վերակարգերի քանակե. «Երկու անգամ կավելանան պարեկները։ Շեշտը կդրվի կանխարգելելու, ոչ թե իրավախախտումը կատարելուց հետո հայտնաբերելու գործառույթի վրա»,– եզրափակեց նա։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Արմեն Խաչատրյանը հայտարարել էր, որ Ճանապարհային ոստիկանություն, որպես այդպիսին, չի լինելու, լինելու է հասարակական անվտանգության ոստիկանություն, որի գործառույթների մեջ կմտնի բոլոր իրավախախտումներին, այդ թվում՝ ճանապարհային երթեւեկության խախտումներին արձագանքելը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ