Փաստաբան, իրավաբան Ռուբեն Մելիքյանը կարծում է, որ Մհեր Ենոքյանի գործով հասարակությունը տեղեկատվության պակաս ունի: Այս մասին Մելիքյանն ասաց հունվարի 24-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ:
Նրա խոսքով՝ այն փաստը, որ Արդարադատության նախարարությունը հրաժարվում է տուժող կողմին պատասխանել, հակասում է ՄԻԵԴ-ի եւ ՄԱԿ-ի եվրոպական մոտեցմանը, որը ենթադրում է, որ տուժող կողմի կարծիքը պետք է հաշվի առնվի ծանր հանցագործությունների գործերի ժամանակ:
«Մեկ այլ ցմահ բանտարկված է Նաիրի Հունանյանը (1999 թվականի հոկտեմբերի 27-ին խորհրդարանում ահաբեկչություն կատարած հանցավոր խմբի ղեկավար եւ կատարող): Եկեք պատկերացնենք, որ մի օր ահաբեկչության ժամանակ սպանվածների հարազատները փողոցում հանդիպում են Նաիրի Հունանյանին: Զարմանում են, իսկ նա պատասխանում է, որ պետությունն ինձ ներել է եւ ընդհանրապես, դա ձեր գործը չէ: Սա նորմալ իրավիճա՞կ է: Մոտավորապես նման բացատրություն է տրվում Մհեր Ենոքյանի գործով:
Գործն առաջին հերթին վերաբերում է սպանվածի ընտանիքին, բայց նաեւ մեծ հասարակական եւ իրավական նշանակություն ունի: Այսինքն՝ պաշտոնական պատասխաններից ստացվում է, որ իշխանությունները ոչ միայն պարտավոր չեն, այլեւ իրավունք չունեն ընտանիքին տեղեկացնելու»,- նշեց Ռուբեն Մելիքյանը: Նրա խոսքով՝ վաղաժամկետ պայմանական ազատումը չի կարող կիրառվել, քանի որ Ենոքյանը երկու անգամ փախուստի փորձ է կատարել. «Կամ կարելի է համարել, որ տասնյակ տարի հանրային կարծիք է ձեւավորվել, որ հետո հասնեն դրած նպատակի՞ն: Առավել եւս, որ կարծիքը ձեւավորվել է վիճելի հանգամանքներում»:
Նրա խոսքով՝ գործում նկատելի որոշակի զուգահեռները Գուրգեն Մարգարյանի գործի հետ (հայ սպա, ում գլխատել էր ադրբեջանցի զինվորական ռամիլ սաֆարովը) կարող են օգտագործվել նաեւ այս գործում: Եթե ընտանիքը ցանկանա, կարելի է ՄԻԵԴ դիմել, հիշեցրեց Մելիքյանը:
Պատասխանելով այն հարցին, թե որքանով է հիմնավորված մեղադրանքը, իրավաբանը նշեց, որ չկա այնպիսի գործ, որում ցանկության դեպքում չգտնվի «մութ կողմ»: Դատական սխալի մասին եզրահանգումները քննադատության չեն դիմանում, նշեց Ռուբեն Մելիքյանը:
Մհեր Ենոքյանը առավելագույն պատժաչափի է դատապարտվել (հետագայում փոխարինվեց ցմահ ազատազրկմամբ) 1996 թվականին Երեւանի պետական բժշկական համալսարանի ուսանող 19-ամյա Իոսիֆ Աղաջանովի դաժան սպանության համար: Սպանությունը կատարվել է հանցակցի՝ Գյուղատնտեսական ինստիտուտի ուսանող Արամ Հարությունյանի հետ միասին: Ա. Հարությունյանը դատապարտվեց 15 տարվա ազատազրկման: Տարիներ անց Ենոքյանը սկսեց հայտարարել իր անմեղության մասին՝ պահանջելով իրեն ազատել: Այս հարցում նրան ակտիվորեն օգնում է կինը՝ նախկին լրագրող, ներկայումս բարձրաստիճան պաշտոնյա Զարուհի Մեժլումյանը: