News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Երևանի պետական համալսարանում այսօր, հունվարի 25-ին, հավաքվել էին ԵՊՀ շուրջ երկու հարյուր գիտաշխատողներ՝ քննարկելու կառավարության կողմից ներկայացված նոր օրենքը, որով նախատեսվում է հիմնադրամներում բազային ֆինանսավորումը դարձնել մրցութային:

NEWS.am-ի հետ զրույցում Փորձարարական հոգեբանության լաբորատորիայի վարիչ Հրանտ Ավանեսյանն ասաց, որ գիտահետազոտական լաբորատորիաների աշխատակիցներին զանգով են տեղեկացրել գիտահետազոտական աշխատանքները չֆինանսավորվելու մասին. «Այդ մարդկանց մեծ մասը հիմնական աշխատողներ են, դասախոսներ և կես դրույքով գիտաշխատողներ: Ոչ մի փաստաթղթային իրազեկում, ոչ մի պայմանագրի խզման հիմքեր չկան»:

Եթե օրենքն ընդունվի, ապա այն կվերաբերի 12 գիտական կազմակերպության:

Գիտաշխատողները որոշել են դիմել ՀՀ վարչապետին, ինչի համար անցկացրին ստորագրահավաք. «Գիտության պետական կոմիտեի համար էլ է այս օրենքը անակնկալ, մենք չենք ուզում այդ ենթակառուցվածքներին դիմել, միանգամից կառավարությանը կդիմենք: Չփլուզենք առանց այդ էլ դժվարին կացության մեջ գտնվող մեր գիտությունը»,-ասաց պրն. Ավանեսյանը:

Մինչ գիտաշխատողները քննարկում էին իրենց հետագա քայլերը, նրանց մոտեցավ ԵՊՀ Գիտական քաղաքականության և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Գեղամ Գևորգյանը: Ներկաներին նա հորդորեց սպասել. « Գիտպետկոմի նախագահը խոստանում է երեք ամսվա համար իրավիճակը թողնել նույնը, այնուհետև ամենայն հավանականությամբ նույն ձևով կշարունակենք աշխատել»:

Ներկաներից մեկը հետաքրքրքվեց՝ մրցույթից հետո լաբորատորիաները նույն արտոնություններո՞վ կաշխատեն, պրոռեկտորը հումորով պատասխանեց. «Ի՞նչ արտոնություն ունեիք որ»:

ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի դոցենտ, ավագ գիտաշխատող Հեղինե Ղազոյանը մեզ հետ զրույցում ասաց, որ գոհ չէ գիտպետկոմի հայտարարությունից, քանի որ անորոշ է, թե ինչ կլինի իրենց հետ երեք ամիս հետո. «Բազային լաբորատորիայի հիմնական իմաստը բուհի ներսում գիտություն անելն է, իսկ գիտությունը պետք է ֆինանսավորվի պետության կողմից:  Հայտարարում են, որ բազային լաբորատորիաները պետք է մրցույթով անցնեն, ենթադրենք՝ քիմիայի ֆակուլտետի լաբորատորիան մրցույթով շահել է մեկ ուրիշը, ի՞նչ պիտի անի տեղի գիտաշխատողը»:

ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի դեկան Տարիել Ղոչիկյանն էլ մեզ հետ զրույցում հավելեց, որ կսպասեն գիտպետկոմի հայտարարությանը, որից հետո կորոշեն իրենց հետագա քայլերը:

Հավելենք, որ օրերս ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն ասել էր, որ նման առաջարկն օրենքի ուժ ստանալու դեպքում ԵՊՀ-ն ամսական կկորցնի 50 մլն դրամ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ