News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Դունյա Միյատովիչն այսօր՝ հունվարի 29-ին, հրապարակել է 2018թ․-ի սեպտեմբերին Հայաստան կատարած իր այցի մասին զեկույցը։

Զեկույցը կենտրոնանում է կանանց իրավունքների, գենդերային հավասարության եւ ընտանեկան բռնության, անապահով եւ խոցելի խմբերի մարդկանց իրավունքների եւ մարդու իրավունքների՝ նախկինում տեղ գտած խախտումների վերաբերյալ հաշվետվողականության հարցերի վրա։

Պարզելով, որ Հայաստանում կանայք շարունակում են զգալիորեն թերներկայացված լինել հանրային որոշումների կայացման գործընթացում՝ Հանձնակատարը կոչ է անում իշխանություններին ապահովել կանանց լիարժեք եւ արդյունավետ մասնակցությունը, ինչպես նաեւ հանրային կյանքի բոլոր մակարդակներում առաջնորդության հավասար հնարավորությունները, հավասար վճարումները եւ աշխատաշուկային հավասար հասանելիությունը։ Շարունակական գենդերային կարծրատիպերը կասեցնելու համար Հանձնակատար Միյատովիչը խորհուրդ է տալիս բարձրացնել հանրային իրազեկության մակարդակը եւ խթանել գենդերային հավասարությունը, հատկապես՝ կրթության միջոցով։

Ընտանեկան բռնության դեմ Հայաստանի օրենսդրական զգալի բարելավումներն ամրապնդելու համար Հանձնակատարն առաջարկում է վավերացնել «Կանանց նկատմամբ բռնության եւ ընտանեկան բռնության կանխարգելման եւ դրա դեմ պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան՝ միեւնույն ժամանակ ապահովելով նոր ազգային օրենսդրության արդյունավետ կիրարկումը։ Մասնավորապես, Հանձնակատարը կոչ է անում իշխանություններին մեծացնել ընտանեկան բռնությունից տուժածների համար ապաստարաններում տեղերի հասանելիությունը եւ ապահովել կրթության հասանելիությունը այսպիսի ապաստարաններում գտնվող երեխաների համար ։

Զեկույցը կենտրոնանում է նաեւ հաշմանդամություն ունեցող անձանց, երեխաների, տարեցների եւ ԼԳԲՏԻ անձանց մարդու իրավունքների վրա։

Ողջունելով իշխանությունների՝ հաշմանդամության ունեցող անձանց ապաինստիտուցիոնալացնելու հստակ հանձնառությունը՝ հանձնակատարը միեւնույն ժամանակ առաջարկում է պետական աջակցությունը կարգավորող վերանայված օրենսդրությամբ ապահովել հաշմանդամություն ունեցող անձանց ներառումը իրենց իսկ վերաբերող բոլոր որոշումների կայացման գործընթացներում։ Մասնավորապես, նա կոչ է անում իշխանություններին վերջ դնել հոգեսոցիալական հաշմանդամություն ունեցող անձանց համար լիակատար խնամակալությանը եւ անցում կատարել անձի փոխարեն կայացվող որոշման մոդելից օժանդակությամբ սեփական որոշում կայացնելու մոդելին այն անձանց համար, ովքեր հավանաբար ունենան դրա կարիքը։

Հանձնակատարը քաջալերում է կառավարությանը հասնել իր կողմից սահմանված, մինչեւ 2025թ․-ը ողջ կրթական համակարգը ներառական դարձնելու նպատակին եւ առաջարկում է հատուկ ուշադրություն դարձնել ներառական կրթության ապահովմանը նախադպրոցական մակարդակում, ինչպես նաեւ ձգտել ապաինստիտուցիոնալացման հաշմանդամություն ունեցող եւ չունեցող երեխաների համար հավասարապես։ Նա նաեւ առաջարկում է, որ Հայաստանն ամրապնդի այս ոլորտում միջազգային չափորոշիչների նկատմամբ իր ստանձնած հանձնառությունը՝ ընդունելով Վերանայված Եվրոպական Սոցիալական Խարտիայի լրացուցիչ դրույթները եւ վավերացնելով անհատական եւ կոլեկտիվ բողոքների հնարավորություն ընձեռող գործիքները։ Հանձնակատարը ողջունում է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հայտնի ակտիվիստին վերջերս Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի պաշտոնում նշանակելը եւ քաջալերում է կառավարությանը լրացուցիչ գործողություններ իրականացնել՝ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին հանրային իրազեկության բարձրացման նպատակով։

Հանձնակատար Միյատովիչն առաջարկում է Հայաստանին ընդլայնել իր ջանքերը՝ պայքարելու երեխաների աղքատության դեմ եւ երաշխավորելու բոլոր երեխաների համար համապատասխան կենսամակարդակ։ Նա մասնավորապես մտահոգված է սոցիալ-տնտեսական դժվարություններ ունեցող ծնողների կողմից երեխաներին պետության հոգածությանը հանձնելու հանգամանքով։ Նա քաջալերում է իշխանություններին ընդլայնել իրենց ջանքերը՝ հատկացնելով ռեսուրսներ, որպեսզի ծնողները նորից ստանձնեն իրենց երեխաների խնամքը, միեւնույն ժամանակ խթանելով խնամակալ ընտանիքների կողմից խնամքը, այդ թվում նաեւ՝ հաշմանդամություն ունեցող երեխաների համար, այն դեպքերում, երբ սա բխում է երեխայի լավագույն շահից։ Հանձնակատարը նաեւ առաջարկում է Հայաստանին բարելավել բոլոր երեխաներին սեռական շահագործումից եւ սեռական բռնությունից պաշտպանող իր օրենսդրությունը՝ մասնավորապես վավերացնելով Եվրոպայի խորհրդի Լազարոտեի կոնվենցիան։

Հայաստանում տարեց անձանց սոցիալական պաշտպանության համապատասխան մակարդակի ապահովման նպատակով Հանձնակատարը առաջարկում է բարձրացնել ծերության կենսաթոշակի ընդհանուր մակարդակը, ընդլայնել առաջնային եւ մասնագիտացման առողջապահական ծառայությունների հասանելիությունը տանը եւ համայնքում, ինչպես նաեւ լուծել գերիատրիկ ծառայությունների մատուցման գործում մասնագիտացված բժշկական անձնակազմի պակասի հարցը։

Հանձնակատարն այնուհետ առաջարկում է իշխանություններին արագորեն ընդունել խտրականության դեմ համակողմանի օրենք, որը պետք է հստակ հղում պարունակի սեռական կողմնորոշմանը եւ գենդերային ինքնությանը։ Նա կոչ է անում իշխանություններին արագ եւ վճռական քայլեր ձեռնարկել Հայաստանում ԼԳԲՏԻ անձանց դեմ բռնության, ատելության խոսքի եւ ատելության հանցագործությունների բոլոր դեպքերի դեմ։ Այսպիսի դեպքերը պետք է վճռականորեն դատապարտվեն եւ հետաքննվեն, իսկ դրանց համար պատասխանատուները՝ ենթարկվեն դատական կարգով հետապնդման։ Նա նաեւ կոչ է անում ԱԺ պատգամավորներին աներկբայորեն մերժել ցանկացած օրենսդրական առաջարկ, որը կարող է ոտնահարել ԼԳԲՏԻ անձանց իրավունքները կամ հրահրել տրամադրություններ ԼԳԲՏԻ անձանց դեմ։

Վերջապես, Հանձնակատար Միյատովիչը ողջունում է այն քայլերը, որոնք իրականացվել են ճշմարտությունը վերջապես հաստատելու եւ 2008թ․-ի մարտ ամսին տեղի ունեցած բռնի գործողությունների ժամանակ զոհերի համար պատասխանատուներին դատական կարգով հետապնդելու ուղղությամբ։ Միեւնույն ժամանակ, նա ընդգծում է, որ կարեւոր է այս գործընթացն իրականացնել զգուշորեն եւ խստագույնս հավատարիմ մնալով իրավունքի գերակայության, դատական անկախության, թափանցիկության եւ արդար դատաքննության երաշխավորման սկզբունքներին, որպեսզի բացառվի ենթադրյալ վրեժի քաղաքականության կամ ընտրովի արդարադատության որեւէ մեղադրանք: Նա նաեւ կոչ է անում Հայաստանի իշխանություններին պաշտպանել քրեական հանցագործության մեջ մեղադրվող ցանկացած անձի անմեղության կանխավարկածը եւ հասարակական դիսկուրսում խուսափել բեւեռացնող, խարանող կամ հրահրող ձեւակերպումներից, ինչը, ըստ Հանձնակատարի, խոչընդոտ է համախմբված հասարակություն ձեւավորելու եւ անցյալի պառակտումները հաղթահարելու համար:

Թարգմանությունը՝ ԵԽ պաշտոնական կայքից

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱԳՆ-ում քննարկվել է ՀՀ-ԵԽ 2023-26 թթ. գործողությունների ծրագիրը. ԵԽ-ն բարձր է գնահատել ԱՆ-ի հետ գործակցությունը
ՀՀ ներկայացուցիչները և Եվրոպայի խորհրդի գործընկերները կարևորել են կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում առկա համագործակցությունը և այն...
Ադրբեջանի վերադարձի հարցը չի քննարկվել ԵԽԽՎ-ում. հետաքրքիր է,՝ ովքե՞ր են դա տարածում. Վլադիմիր Վարդանյան
Ես չեմ բացառում հետագայում որեւէ քննարկում: Պետք է չմոռանանք, որ ԵԽԽՎ ցանկացած նոր նստաշրջան, որը մեկնարկում է յուրաքանչյուր...
Ադրբեջանի հարցով զեկուցող․ ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է մի շարք պահանջներ կատարի
Սակայն այն ժամանակ էլ՝ անցած տարվա նոյեմբերի 20-21-ին, նրանց կրկին թույլ չեն տվել․․․
Գերմանացի պատգամավոր. Բաքուն ցանկություն չունի կատարելու Եվրախորհրդի պահանջները
Ադրբեջանը չի ճանաչում և չի հետևում այդ կանոններին․․․
Ժողովրդավարությունը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վլադիմիր Վարդանյանը՝ ԵԽԽՎ նստաշրջանում
Ժողովրդավարական խաղաղությունը առանց որևէ խտրականության մարդու իրավունքների լավագույն պաշտպանության նախապայմանն է…
ԵԽ նախարարների կոմիտեի որոշմամբ՝ Ադրբեջանը կվերադառնա ԵԽԽՎ. Alpha News
ԵԽԽՎ-ի՝ հունվարի 24-ի որոշմամբ՝ Ադրբեջանի պատվիրակությունը մեկ տարով...
Ամենաշատ