Երեւանի Բաղրամյան 56 հասցեում գտնվող «ՎՏԲ» բանկի վրա կացնով հարձակում գործած տղամարդը 33-ամյա Հրաչիկ Ումուրշադյանն է, Հայաստանի եւ Վրաստանի քաղաքացի։ Դեպքի վայրից NEWS.am–ի թղթակիցը հայտնում է, որ տղամարդը բանկից գումար չի հափշտակել, անգամ չի հասցրել կոնկրետ պահանջ ներկայացնել։ Հարձակման ընթացքում կամ քաղաքացուն վնասազերծելիս վնասվել է բանկի ներսում տեղադրված ապակե դռներից մեկը։ Նշենք, որ հարձակումը  տեղի է ունեցել ժամը 13.50-ին։

Մասնաճյուղում ծառայություն իրականացնող ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության ոստիկանը վնասազերծել է տղամարդուն եւ բերման ենթարկել ոստիկանության բաժին:

Նշենք, որ  Բաղրամյան 56 հասցեում գտնվող  «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի թիվ 4 մասնաճյուղ վրա զինված հարձակում էր տեղի ունեցել ամիսներ առաջ։ 2018թ.  փետրվարի 19-ին՝ ժամը 15։35-ի սահմաններում, զինված երկու անձ մուտք էր գործել բանկի մասնաճյուղ եւ բռնություն գործադրելու սպառնալիքով՝ ավազակային հարձակմամբ, հափշտակել շուրջ 8,5 մլն դրամի տարբեր արտարժույթի գումար։

Այս մասնաճյուղը հանցագործների թիրախում էր հայտնվել նաեւ երեք տարի առաջ։

2016թ. դեկտեմբերի 16-ին 04:30-ին Բաղրամյան փողոցում տեղակայված ՎՏԲ-Հայաստան Բանկի բանկոմատի կողոպտման փորձ: Սակայն հանցագործներին չէր հաջողվել կողոպուտ իրականացնել, բանկոմատին աննշան վնաս էր հասցվել։