Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը մտահոգված է Բաքվի հերթական ռազմատենչ հայտարարություններից:

Հիշեցնենք, որ չնայած կողմերի եւ միջնորդների՝ վստահության մթնոլորտի ստեղծման անհրաժեշտության եւ պատրաստակամության մասին բազմակի հավաստիացումներին՝ ադրբեջանական կողմը՝ ի դեմս տարբեր աստիճանի պաշտոնյաների եւ ԶԼՄ-ի, շարունակում է հայատյաց քաղաքականությունը: Նախօրերին հերթական սպառնացող  հայտարարությամբ հանդես եկավ նախագահ Ալիեւը:

Հունվարի 29-ին ասուլիսի ժամանակ, մենկաբանելով այս հանգամանքը, Մնացականյանը նշեց, որ նման վարքագիծը չի կարելի ողջունելու արժանի համարել:

«Շատ ցավալի է: Մեր դիրքորոշումը հայտնի է՝ մենք խաղաղ լուծում ենք ցանկանում: Գործընթացի առաջընթացի համար համապատասխան միջավայր է պետք», - ընդգծեց նախարարը:

Միեւնույն ժամանակ, նա նկատեց, որ ճոռոմ հայտարարությունները հնարավորությունները չեն ավելացնում:

«Մեր դիրքորոշումը հայտնի է: Կարգավիճակը որոշում է ԼՂ ժողովուրդը: Կարիք չկա ասելու, թե որքան վճռական ենք մենք եւ մտադիր ենք պաշտպանել ինչպես Արցախը, այնպես էլ Հայաստանը: Մենք գիտենք մեր հնարավորությունները պաշտպանության եւ վնասի պատճառման հարցերում», - ասաց Մնացականյանը: