News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հունվարի 31-ին ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) Հայաստանի գրասենյակի տնօրեն Սիլվի Բոսութղոյի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես NEWS.am–ը տեղեկանում է կառավարության մամլո ծառայությունից, հանդիպման ընթացքում քննարկվել է  Հայաստանի և ՀԲ-ի փոխգործակցության օրակարգը: Սիլվի Բոսութղոն նշել է, որ մոտ ապագայում սպասվում է ՀԲ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գծով փոխնախագահի այցը, ինչպես նաեւ պատրաստվում է Հայաստանի հետ մոտակա չորս տարվա համագործակցության առաջնահերթությունները սահմանող «Երկրի գործընկերության շրջանակ» ռազմավարական փաստաթուղթը: Վերջինս խարսխված է լինելու երեք հիմնասյուների վրա՝ արտահանման խթանում ու մրցունակություն, մարդկային կապիտալի զարգացում (կրթություն, առողջապահություն, սոցիալական պաշտպանություն) և բնապահպանություն ու ռեսուրսների կառավարում: Տիգրան Ավինյանն ասաց, որ մյուս շաբաթ Ազգային ժողով կներկայացվի կառավարության ծրագիրը, որը հիմնված է ներառական աճի մոդելի վրա:

Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ մեկ օր առաջ տեղի ունեցած Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (EITI) առաջին ազգային զեկույցի ներկայացմանը նվիրված համաժողովին: ՀԲ ներկայացուցիչները շնորհավորեցին կառավարությանը բավականին կարճ ժամանակամիջոցում այս ոլորտում գրանցած հաջողությունների համար, կարեւորեցին EITI բազմաշահառու խմբի գործունեությունը և նշեցին, որ Բանկը կշարունակի աջակցությունը EITI-ի շրջանակներում իրականացվելիք բարեփոխումներին: Անդրադարձ կատարվեց նաև ՀԲ-ի աջակցությամբ առաջիկայում մշակվելիք հանքարդյունաբերության ռազմավարությանը, որի նախապատրաստման փուլում այժմ իրականացվում են ոլորտի տնտեսական, սոցիալական, բնապահպանական և առողջապահական ազդեցության գնահատումներ: Տիգրան Ավինյանի խոսքով՝ Հայաստանում հանքարդյունաբերությունը պետք է լինի պատասխանատու, և թափանցիկությունն ու հաշվետվողականությունն այս ոլորտում առաջնային նշանակություն ունեն, քանի որ նախկինում դրանց բացակայությունն այսօր բերել է մի շարք խնդիրների առաջացմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ