Գեղարքունիքի, Կոտայքի, Արարատի ու Արագածոտնի մարզերում կայանված 65 մեքենաների մարտկոցները գողանալու կասկածանքով բերման է ենթարկվել երեք անձ։ Այս մասին NEWS.am–ը տեղեկանում է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։

Հունվարին Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Նաիրիի բաժինը գողությունների վերաբերյալ մի քանի ահազանգ է ստացել։ Ոստիկանություն են դիմել Եղվարդ քաղաքի տարբեր թաղամասերի բնակիչներ։ Նրանք հայտնել են, որ բակում կայանված մեքենաների մարտկոցները գողացել են։

Նույն բովանդակությամբ ահազանգեր են եղել նաև Ոստիկանության տարածքային այլ ստորաբաժանումներ։ Տեղի ոստիկանները ձեռնարկել են տարաբնույթ օպերատիվ–հետախուզական միջոցառումներ՝ հատուկ ուշադրություն է դարձվել գիշերային շրջիկ ծառայության ակտիվացման ու շենքերի բակերում կազմակերպվող դարանակալումներին։ «Օրեր տևած օպերատիվ աշխատանքն արդյունք է տվել։ Եղվարդի քրեական հետախույզների տեսադաշտում են հայտնվել երեք անձ, որ Երևանի բնակիչները՝ Արարատ Մանուկյանը, Կարապետ Վարդանյանն ու Կարեն Շմավոնյանը»,– նշվում է Ոստիկանության պատրաստած տեսանյութում։

Նրանք ավտոմեքենաների մարտկոցներ գողանալու կասկածանքով բերման են ենթարկվել Ոստիկանության Նաիրիի բաժին, որտեղ էլ տվել են խոստովանական բացատրություններ՝ հայտնելով, որ Եղվարդում 6 մարտկոց են գողացել։ Հետագա միջոցառումներով հիմնավորվել է, որ նրանք 19 մարտկոց գողացել են նաև Նոր Հաճնում, 4 մարտկոց՝ Քանաքեռավանում, 7 մարտկոց՝ Բյուրեղավանում, 3 մարտկոց՝ Հրազդանում, 8 մարտկոց՝ Չարենցավանում, 4 մարտկոց՝ Աբովյանում, 7 մարտկոց՝ Գեղարքունիքի, 6 մարտկոց՝ Արագածոտնի և 5 մարտկոց՝ Արարատի մարզերում։ Գաղտնի հափշտակել են ընդհանուր 65 մարտկոց։ Գողությունների փաստերով Ոստիկանության Նաիրիի բաժնում քրեական գործերն ու բերման ենթարկվածները ներկայացվել են Նաիրիի քննչական բաժին։

Նախաքննական մարմինը նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրել ստորագրությունը չհեռանալու մասին։ Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերվելու ուղղությամբ։