Արշալույսի գյուղապետ Զարզանդ Գրիգորյանն իր պաշտոնավարման ընթացքում թույլ է տվել մի շարք ապօրինություններ, ինչի պատճառով էլ համագյուղացիները պահանջում են նրա հրաժարականը։ Այսօր՝ փետրվարի 4–ին, NEWS.am–ի հետ զրույցում այս մասին ասաց Արշալույս գյուղի բնակիչ Հապետ Արամյանը՝ հավելելով. «Բողոքն ինքնաբուխ է սկսվել, Զարզանդ Գրիգորյանը ստեղ հավաքված մարդկանցից ցանկացած մեկին ցավացրել ա, մեկին՝ օրենքի կետով, մեկին՝ իր ստեղծած օրենքով»,–ասաց նա։
Նրա համոզամբ՝ ներկայիս գյուղապետը պետք է չաշխատի, քանի որ նա ամեն օր ապօրինություններ է թույլ տալիս. «Օրինական ձևով չի աշխատում, տարբերություն ա դնում, մեզ առանձնացնում ա իր կողմնակիցներից»,– ասաց նա։
Գյուղում ստեղծված լարված իրավիճակի պատճառով ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը միջամտել էր բողոքի ակցիային, փորձել բանակցություններ վարել գյուղապետի և ցուցարարաների հետ. «Պատգամավորը եկավ, մեզ օգնեց, որ հանդիպում կազմակերպենք իրա հետ։ Չեզոք տեղ, գյուղի պոչտայում որոշեցինք հանդիպել։ Պարզ դարձավ, որ Զարզանդ Գրիգորյանը պատրաստ չէ զիջումների գնալ»,–հավելեց Հապետ Արամյանը։
Ցուցարարաներից մեկն էլ պատմեց Զարզանդ Գրիգորյանի գործունեության մասին՝ նշելով, որ այն նման է «ֆաշիստական դիկտատուրայի». «Իրանց հորեղբայրը, իրանք երկու եղբայր շահագործել են համագյուղացիներին, տփել են, տներից հանել են, հարյուրավոր մարդկանց պատվին ու արժանապատվությանը կպել են, մինչև իր գյուղապետ նշանակվելը 2008 թ. մեր հարևան Ֆերիկ գյուղում 300 հա հող է վերցրել, Ֆերիկ գյուղից Արշալույս ջրի ճամփան մի մետրուկես բետոն էր թափել ու մեր գյուղացիներին ամիսներով քնցնում էր դաշտերի մեջ, իրար դեմ էր կռվացնում, գյուղը բաժանում էր մի քանի մասի, Էս վերջերս էլ միլիոններով տուգանել ա հարյուրավոր մարդկանց, մարդ կա, որ 10 միլիոնով տուգանել ա»,–ասաց նա։
Ցուցարաների խոսքով՝ իրենք կանգ չեն առնելու, մինչև Զարզանդ Գրիգորյանը հրաժարական չտա և գյուղում արտահերթ ընտրություններ չիրականացվեն։











