Իրանի եւ Իրաքի կենտրոնական բանկերի տնօրեններ Աբդոլնասեր Հեմաթին եւ Ալի ալ-Ալաքը Բաղդադում համաձայնագիր են ստորագրել իրենց երկրների միջեւ վճարային մեխանիզմ գործարկելու մասին, տեղեկացրել է IRNA գործակալությունը։
Համաձայնագրի գլխավոր խնդիրը խոչընդոտների վերացումն է իրաքյան կողմից Իրանից ներմուծվող էլեկտրականության ու գազի վճարման հարցում։ Մեխանիզմը պետք է օգնի նաեւ այլ ապրանքների հաշվարկներում։ Համաձայնագիրը ստորագրվել է երկու երկրների պատվիրակությունների բանակցություններից հետո, որոնք ընթացել են Բաղդադի Ար Ռաշիդ հյուրանոցում։
«Այսօրվա դրությամբ թե՛ պետական, թե՛ մասնավոր հատվածները հասել են (Իրանի հետ) ապրանքաշրջանառության պատկառելի ծավալների, բայց գոյություն ունեն խնդիրներ միջբանկային հաշվարկներում, ինչի առնչությամբ փորձագետները բախվում են դժվարությունների»,- ասել է ալ-Ալաքը։
Այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 2018թ. մայիսին միակողմանիորեն դուրս եկավ Թեհրանի հետ միջուկային գործարքից եւ վերականգնեց ամերիկյան պատժամիջոցների գործունեությունը, Իրանի տնտեսությունը բախվեց լուրջ խնդիրների բանկային ոլորտում։ Վաշինգտոնի ճնշմամբ Թեհրանը անջատվեց SWIFT համակարգից, ինչը լրջորեն դժվարացրել է օտարերկրյա գործընկերների հետ իրանյան բիզնեսի ֆինանսական փոխհարաբերությունները։