News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Արմավիրի մարզի Մայիսյան համայնքի միջնակարգ դպրոցում փետրվարի 6-ին  տնօրեն են ընտրել՝ փակ մուտքի արգելքը հաղթահարելուց հետո։ Դպրոցի մանկավարժները` փոխտնօրեն Ամատունի Կիրակոսյանի գլխավորությամբ, բողոքի ակցիա էին կազմակերպել՝ փակելով դռները։ Նրանք հայատարարում էին, որ դպրոցի խորհուրդը ձեւավորվել է խախտումներով, հետեւաբար ընտրությունը օրինական չի կարող լինել։ Բացի այս՝ թափուր տեղի 7 թեկնածուներից որևէ մեկը Մայիսյան գյուղից չէր, եւ մանկավարժները պահանջում էին հետաձգել ընտրությունը, որպեսզի տեղի թեկնածուն եւս կարողանա մասնակցել մրցույթին։

Նրանց թեկնածուն փոխտնօրեն Ամատունի Կիրակոսյանն է, որը, սակայն, չունենալով վերապատրաստման կուրսերի հավաստագիր, չէր կարողացել մասնակցել մրցույթին։ Այս մասին NEWS.am-ին տեղեկացրեց Ամատունի Կիրակոսյանը։ Նա պատմեց, որ բողոքի ակցիան կազմակերպել են՝  քանի որ «եթե դպրոցի առաջին շահառուն ուսուցիչն է, ապա նա եւս պարտավոր է մասնակցել ընտրությանը»։

Այնուհետեւ մոտ 20 ոստիկան է ժամանել, եւ նրանց միջամտությունից հետո բողոքի ակցիան դադարեցվել է․ Ամատունի Կիրակոսյանը հայտնեց, որ ակցիային մասնակցում էին նաեւ աղջիկներ եւ այդ հաշվի առնելով՝ իրենք որոշել են խուսափել քաշքշոցից եւ բացել դռները։

Նրա խոսքով՝ դպրոցի խորհրդի ձեւավորման արձանագրություններում լուրջ թերություններ կային, սակայն երբ այդ մասին հայտնել են Արմավիրի մարզպետին, նրա որոշմամբ դադարեցվել են խորհրդի երկու ուսուցիչների լիազորությունները, որոնք, ըստ Կիրակոսյանի, աջակցում էին իրեն։ Մարզպետը նաեւ մերժել է ընտրությունը հետաձգելու դիմումը, որի տակ ստորագրել էր 200 մարդ։

Ամատունի Կիրակոսյանը հայտնեց, որ արդեն հայց են պատրաստել եւ տնօրենի ընտրության ընթացքն ու արդյունքը վիճարկելու են դատարանում։

Տպել
Ամենաշատ