Ռոբերտ Քոչարյանը հերթական անգամ համոզվեց, որ այս գործով քաղաքական հետապնդման է ենթարկվում։ Այս մասին քիչ առաջ Վերաքննիչ քրեական դատարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ Հայկ Ալումյանը։
Նա ասաց, որ Ռոբերտ Քոչարյանը դատարանի որոշումից հետո փաստաբաններին ասել է, որ այս գործով արդարադատություն չի իրականացվում, այլ իրականացվում է քաղաքական հետապնդում։
«Ռոբերտ Քոչարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այս գործով հերթական անգամ համոզվեց, որ այս գործով ինքը ենթարկվում է քաղաքական հետապնդման»,– ասաց նա։
Ալումյանի խոսքով՝ Վերանքնիչ դատարանի որոշումն իրենց համար սպասելի էր.
«Որոշումը գնահատում եմ բացասական, այն իրավաբանության հետ որևէ առնչություն չունի։ Այս որոշումը 100 տոկոսով քաղաքական բնույթի ունի, այ կայացվել է քաղաքական պատվերի շրջանակներում»,–ասաց նա։
Փաստաբանը նշեց, որ պարտադիր բողոքարկելու են այս որոշման դեմ։ «Հերթական բողոքն է գնալու ՄԻԵԴ», - ընդգծեց Հայկ Ալումյանը։
Հիշեցնենք, որ այսօր՝ փետրվարի 7–ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մնացական Հարությունյանի նախագահությամբ կայացրեց մերժել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքն ու անփոփոխ թողնել Քոչարյանի կալանքի ժամկետը երկարաձգելու առաջին ատյանի դատարանի որոշումը։
Հիշեցնենք, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Մկրտչյանը հունվարի 18-ին բավարարել էր Հատուկ քննչական ծառայության քննիչի միջնորդությունը՝ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ եւ մերժել՝ պաշտպանների միջնորդությունը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու մասին: Այս որոշումը պաշտպանական կողմը բողոքարկել էր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում։
Երկրորդ նախագահը «Մարտի մեկի» քրեական գործով մեղադրվում է ՀՀ սահմանադրական կարգը տապալելու համար: Սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվում են նաեւ ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ՀՀ պաշտպանության նախկին նախարարներ Միքայել Հարությունյանը եւ Սեյրան Օհանյանը։