News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Համայնքների միավորումը հետայսու պետք է իրականացվի հանրային համաձայնության պայմաններում։ Այս մասին այսօր՝ փետրվարի 7-ին,  ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության ղեկավար Դեբորա Գրիսերի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը ասել է ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը։ Պատվիրակության կազմում էին Կայուն զարգացման բաժնի/գրասենյակի ղեկավար Լայլա Էնդրյուս Բաշանը եւ պետական ոլորտի մասնագետ Բելլա Մարգարյանը։

Նախարար Պապիկյանը բարձր է գնահատել ՀՀ վարչատարածքային բարեփոխումների գործընթացին ԱՄՆ ՄԶԳ կողմից ցուցաբերված աջակցությունը եւ նշել, որ խոշորացված համայնքների կյանքն ավելի լավը դարձնելուն ուղղված փոխգործակցությունը ոչ միայն ստացված է, այլեւ հաջողված։ Նախարարը կարեւորել է համայնքների միավորման գործընթացը ճիշտ ուրվագծով տանելու անհրաժեշտությունը եւ միաժամանակ ընդգծել, որ այն հետայսու պետք է իրականացվի հանրային համաձայնության պայմաններում։ Խոսելով նոր կառավարության ծրագրում վարչատարածքային բարեփոխումների տեսլականի մասին՝ նախարարն ասել է․ «Առաջիկայում մենք կունենանք թիրախային համայնքներ, որոնցում դաշտային աշխատանքի միջոցով կփորձենք ներկայացնել խոշորացման առավելությունները, արձանագրված ձեռքբերումներն ու զարգացման հեռանկարները՝ իհարկե վերհանելով նաեւ գործընթացում նկատված թերությունները։ Այս ամենը պետք է իրականացվի հանրային լսումների, բազմակարծության եւ բոլորի շահերը հաշվառելու մթնոլորտում՝ բացառելով վարչահրամայական կոշտ գործիքի կիրառումը»։

ՄԶԳ հայաստանյան առաքելության ղեկավար Դեբորա Գրիսերը շնորհավորել է Սուրեն Պապիկյանին պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ եւ վերահաստատել Հայաստանում արդյունավետ տեղական ինքնակառավարման կայացմանը միտված նախարարության հետ համագործակցությունը շարունակելու ԱՄՆ ՄԶԳ-ի հանձնառությունը։ «Մասնակցային կառավարումը ՀՀ կառավարության բարեփոխումների օրակարգի անբաժան բաղադրիչն է։ Մենք կշարունակենք աջակցել ապակենտրոնացման բարեփոխումներին ուղղված նախարարության ջանքերին՝ բարելավելով համայնքներում ծառայությունների հասանելիությունն ու ռեսուրսների կառավարումը, նոր հնարավորություններ ընձեռելով տարածաշրջանային տնտեսական զարգացման համար»,- նշել է Դեբորա Գրիզերը։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ համայնքներում քաղաքական, վարչական եւ տնտեսական ապակենտրոնացման հեռանկարների, գյուղերում ռեսուրսային կարողությունների հզորացման վերաբերյալ՝ վերահաստատելով գործընկերային հարաբերությունները խորացնելու փոխադարձ պատրաստակամությունը։

Տպել
Ամենաշատ