News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանը կառավարությունում վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանի հետ հանդիպելուց հետո էլ կշարունակի հացադուլը՝ պահանջելով «Տատիկիս վարսերը» ֆիլմի ֆինանսավորման վերականգնում։ Այս մասին կինոռեժիսորը ասաց այսօր՝ փետրվարի 7-ին, լրագրողների հետ զրույցում՝ շեշտելով, որ արդեն մի անգամ դադարեցրել է հացադուլը, սակայն խնդիրը լուծում չի ստացել։

«Ինֆորմացիան հասավ տեղ եւ կփոխանցվի վարչապետին։ Փոխըմբռնում կա, պիտի սպասենք վարչապետի պատասխանին»,- նշեց նա։

Հարցին՝ ի՞նչ ժամկետներում խոստացան պատասխանել, Հովհաննես Գալստյանը նշեց. «Պատասխանը, որքան հնարավոր է պետք, է շուտ լինի, քանի որ անընդհատ հորդորում են դադարեցնել հացադուլը, բայց սրա միջով արդեն անցել եմ եւ չեմ դադարեցնի հացադուլը, մինչեւ ֆիլմի նկարահանումների ֆինանսավորումը չվերականգնվի»։

Ռեժիսորը տեղեկացրեց՝ կառվարութունից կուղղվի Մատենադարան.

«Ես այստեղից գնում եմ Մատենադարան՝ իմ վրան։ Կվերջացնեմ հացադուլը, երբ նկարահանման նախապատրաստական աշխատանքների համար բավարար չափով գումարը կփոխանցվի իմ հաշվեհամարին»,- եզրափակեց նա։

Հիշեցնենք, որ սա կինոռեժիսորի արդեն երկրորդ հացադուլն է։ Առաջին հացադուլը դեկտեմբերի 2-ից 12-ն էր։ Մշակույթի նախկին նախարար Լիլիթ Մակունցի հետ հանդիպելուց եւ երաշխիքներ ստանալուց հետո, կինոռեժիսորը դադարեցրեց հացադուլը, սակայն խնդրին, նրա խոսքով, այդպես էլ լուծում չտրվեց։

Հիշեցնենք, որ «Տատիկիս վարսերը» ֆիլմի նկարահանման աշխատանքները մեկնարկել են դեռ 2015-ին, եւ Հովհաննես Գալստյանն Ազգային կինոկենտրոնի հետ պայմանագիր է կնքել առ այն, որ վերջինս 2016-18թթ․ կհատկացնի ֆիլմի բյուջեի մինչեւ 30%-ը՝ 88 մլն դրամ, սակայն 2018 թվականին կինոկենտրոնը մերժել է ֆինանսավորման հայտը։ Արդյունքում ֆիլմի նկարահանման աշխատանքները կասեցվել են։ Կինոռեժիսորը փոխանցեց, որ նկարահանվել է միայն 40 րոպե։ Հավելենք, որ հայ–գերմանա–բուլղարական համատեղ նախագիծ հանդիսացող այս ֆիլմի ֆինանսավորման մյուս մասը տրամադրում են բուլղարական եւ գերմանական ընկերությունները։

Տպել
Ամենաշատ