News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՀՀ կառավարության գերակա առաջնահերթությունն է ազգային զարգացման օրակարգի առաջմղումը, որի հիմնասյունն է բարձր տեխնոլոգիաների եւ նորարար մոտեցումների վրա հիմնված տնտեսությունը։ Այս մասին այսօր՝ փետրվարի 7-ին, Տալլին կատարած պաշտոնական այցի շրջանակներում ասել է Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ Էստոնիայի խորհրդարանի (Ռիյգիկոգու) Եվրոպական Միության հարցերով հանձնաժողովի նախագահ Թոմաս Վիթսութի հետ հանդիպմանը։

ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախարար Մնացականյանը բարձր է գնահատել խորհրդարանական դիվանագիտության դերը՝ որպես երկու երկրների միջեւ փոխգործակցության առավել ամրապնդման հարթակի եւ վերահաստատեց հայկական կողմի՝ այդ ոլորտում սերտ համագործակցություն ծավալելու պատրաստակամությունը:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն Էստոնիայի խորհրդարանի Եվրոպական Միության հարցերով հանձնաժողովի նախագահին ներկայացրել է Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական զարգացումները՝ ընդգծելով, որ կառավարության գերակա առաջնահերթություն է ազգային զարգացման օրակարգի առաջմղումը, որի հիմնասյունն է բարձր տեխնոլոգիաների եւ նորարար մոտեցումների վրա հիմնված տնտեսությունը: Այդ առումով նախարարը բարձր է գնահատել Էստոնիայի տեղեկատվական տեխնոլոգիաների ներկայացուցիչների հետ ավելի վաղ տեղի ունեցած մտքերի փոխանակումը, ինչպես նաեւ տվյալ ոլորտում երկու երկրների մասնագետների միջեւ շփումների ակտիվացումը:

Անդրադառնալով Հայաստան-Եվրամիություն գործընկերությանը` Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարն ընդգծել է Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կարեւորությունը` նշելով, որ այն ոչ միայն հանդիսանում է ՀՀ-ԵՄ հարաբերությունների նոր իրավական հենքը, այլեւ կարեւոր գործիք է Հայաստանի համար՝ խրախուսելու ժողովրդի կողմից տրված մանդատի հիման վրա կառավարության կողմից նախաձեռնած բարեփոխումները։

Նույն օրը տեղի է ունեցել նաեւ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Հայ-էստոնական խորհրդարանական խմբի նախագահ Հաննես Հանսոյի հետ:

Զրուցակիցներն համակարծիք են եղել, որ դարերի պատմություն ունեցող եւ ընդհանուր արժեքների վրա հիմնած հայ-էստոնական գործընկերային հարաբերություններն ունեն առավել զարգացման եւ ընդլայնման ներուժ՝ հանձնառություն հայտնելով գործնական քայլեր ձեռնարկելու այդ ուղղությամբ։

Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ ստեղծագործ կրթության օրակարգի շրջանակներում Հայաստանում կիրառվող փորձին եւ արձանագրված հաջողություններին՝ ի դեմս ԹՈՒՄՕ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի, ՍՄԱՐԹ կրթական կենտրոնի, Dasaran.am կրթական հարթակի՝ կարեւորելով երկու երկրների առկա դրական փորձի եւ հիմքի վրա համագործակցություն ծավալելու հնարավորությունը։

Տպել
Ամենաշատ