News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի հրամանով՝ «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոնում խախտումներն ուսումնասիրելու եւ եզրակացություն տալու համար ձեւավորվել է աշխատանքային խումբ։ Այս մասին հայտնում են ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից:

Աշխատանքային խումբը ձեւավորվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից ներկայացված մեծածավալ փաստաթղթում առկա արժանահավատ փաստերի հիման վրա, որն ուղարկվել էր նաեւ ՀՀ գլխավոր դատախազություն։ Աշխատանքային խումբը գլխավորում է նախարարության վերլուծության եւ մոնիթորինգի վարչության պետ Հայկ Մուրադյանը։

Խմբին հանձնարարվել է տեղում ուսումնասիրել ՄԻՊ գրասենյակի պատրաստած տեղեկանքում ներկայացված թերություններն ու խախտումները եւ կարճ ժամկետներում համապատասխան եզրակացություն տալ՝ դրանք վերացնելու նպատակով։

Նախարարությունը եւս մեկ անգամ փաստում է, որ հավատարիմ է լինելու Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայով ստանձնած պարտավորություններին եւ շնորհակալություն հայտնում Մարդու իրավունքների պաշտպանին բարեխիղճ աշխատանքի, նախարարության համակարգում գործող հաստատություններ պարբերական այցերի եւ մշտադիտարկման համար։

Հիշեցնենք, որ ՄԻՊ-ը Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոնում իրականացված մշտադիտարկման այցի ընթացքում հայտնաբերել էր բազմաթիվ խախտումներ:

Տպել
Ամենաշատ