News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Այն մարդիկ, ովքեր պետական կառույցների օպտիմալացման արդյունքում կամ պետական կառույցների գործելու ձեւաչափը փոխվելու արդյունքում կմնան առանց աշխատանքի, ես վստահ եմ, որ կգտնեն նոր հնարավորություն մասնավոր հատվածում իրենց դրսեւորելու։ Այսօր՝ փետրվարի 8-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը՝ անդրադառնալով նախարարությունների փակման–վերակազմավորման մասին հարցին։

Պետական հատվածից գործազուրկ մնացածների թվի աճի հետ կապված՝ սպառման ծավալների նվազման մտավախություն, ըստ Խաչատրյանի, կարող էր լինել, եթե այդ միջոցները չօգտագործվեին։ «Եթե դուք գտնում եք, այն միջոցները, որ երեկ պետությունը ծախսում էր՝ որպես այդ մարդկանց աշխատավարձ, ուղղելու է ապրանքների եւ ծառայությունների այնպիսի ձեռքբերմանը, որ հանրային կարիքների տեսանկյունից լինելու են ավելի նշանակալի, դա նշանակում է, որ այդ եկամուտները գնալու են մասնավոր հատվածում զբաղված այն անձանց, ովքեր ավելի արդյունավետ աշխատանքով են զբաղված։ Այսինքն՝ հանրագումարով, տնտեսության մեջ այդ ծախսերը չեն կրճատվելու , այլ ավելանալու են, որովհետեւ 2019թ. Պետական բյուջեն նախատեսում է ծախսել ավելի շատ, քան  2018թ, հետեւաբար, մակրոտնտեսական տեսանկյունից նշված խնդիրը գոյություն չունի... Բայց կլինեն շահողներ եւ տուժողներ, դա միանշանակ է»,– ասաց նա։

Անդրադառնալով գործազրկության նվազմանն ուղղված քայլերի մասին հարցին՝ նախարարը նշեց, որ մոտավոր տվյալներով՝ զբաղվածները մասնավոր հատվածում 350 հազար են։ «Եթե 5 տոկոս տնտեսական աճ է լինելու, առնվազն, ապա եթե արտադրողականություն տնտեսության մեջ չավելանա, տարեկան այդպիսի աճը թույլ կտա աշխատանք ունենալ առնվազն 17-18 հազար մարդու։ Կարող ենք ասել՝ քիչ է, կարող ենք ասել, դա այն հնարավորությունն է, որ այսօր առկա է։ Մենք ձգտելու ենք անել այնպես, որ լինի ավելի շատ»։

Տպել
Ամենաշատ